Ներգաղթյալներին ԵՄ երկրներում բաշխելու համար պետք է հաշվի առնել մի շարք գործոններ. Յունկեր
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առաջարկել է քվոտաներ մտցնել ԵՄ-ի երկրների համար՝ կապված ներգաղթյալներին ընդունելու հետ: Դա մասնավորապես վերաբերում է ազգային ՀՆԱ-ի ծավալին:
Յունկերը կարծում է, որ ԵՄ երկրների ներսում ներգաղթյալների բաշխման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ: Դրանց թվում են բնակչության թվակազմը, գործազրկության մակարդակը և երրորդ երկրներից ժամանածների թիվը, որոնց արդեն իսկ ապաստան է հատկացվել:
Յունկերի այս առաջարկը դեպի ԵՄ ապօրինի ներգաղթյալների հոսքին հակազդելու Եվրոպական հանձնաժողովի մշակած պլանի մասնիկն է: Ակնկալվում է, որ փաստաթուղթը կհրապարակվի չորեքշաբթի: Ներկայումս ԵՄ-ի տարածքում ապաստան ստացած ներգաղթյալների մոտ 80 տոկոսը բաժին են ընկել Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Իտալիային, Շվեդիային ու Բելգիային:
2014 թվականին 180 տոկոսով աճել է ԵՄ ապօրինի ներգաղթյալների հոսքը՝ համեմատած 2013 թվականի հետ, և կազմել է 274.000 մարդ: Նրանց թվում ամենամեծ ներկայացուցիչներն ունի Սիրիան, ապա գալիս են Էրիթրեան, Հարավային Սուդանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Իրաքը: