Մակեդոնիայում ոստիկանների ու ենթադրյալ ահաբեկիչների բախման ժամանակ զոհվել է ավելի քան 20 մարդ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մակեդոնիայի Կումանովո քաղաքում ոստիկանների ու ենթադրյալ ահաբեկիչների միջև գրանցված բախման ժամանակ զոհվել է 22 մարդ:
Նրանցից 8-ը ոստիկաններ են, իսկ 14-ը՝ ենթադրյալ ահաբեկիչներ: Բացի այդ, վիրավորվել է 37 ուժային: Մակեդոնիայի իշխանությունների պնդմամբ՝ չի տուժել գեթ մեկ քաղաքացիական անձ: Հատուկ գործողությունը շարունակվել է ավելի քան մեկ օր:
Ուժայինները հայտարարել են, որ Կումանովոյում թաքնվել են ահաբեկիչները, որոնք պլանավորել են հարձակվել պետհիմնարկների վրա: Դրանից հետո քաղաքի մի մասը շրջապատվել է, բնակիչներին տարհանել են, ապա սկսվել է հատուկ գործողությունը: Ընդգծվում է, որ քաղաքի բնակիչների մեծ մասը ալբաններ են, որոնց զայրացրել է տեղի ունեցածը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն արդեն իսկ մտահոգություն է հայտնել Կումանովոյի դեպքերի կապակցությամբ: