«Ստուգատեսն անցավ փայլուն. աշխարհը ապրեց մեզանով»
Գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը, պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ կտա Հայաստանին այս օրերին աշխարհի` մեզ ուղղված աննախադեպ ուշադրությունը, պատասխանեց.
– Դեռեւս Ամանորի նախօրեին էի գրել, որ՝ ցանկանանք, թե ոչ 2015-ը աշխարհի հայացքն ուղղելու է մեզ վրա. ոչ անպայման եւ ոչ միայն համակրանքով, ոչ անպայման եւ ոչ միայն թշնամանքով, ոչ անպայման եւ ոչ միայն անտարբերությամբ։ Տոնակատարության տարի չէ 2015-ը, ստուգատեսի պես մի բան է…
Այս օրերին ստուգատեսն անցավ փայլուն։ Աշխարհը ապրեց մեզանով։ Մեր հպարտ ու վեհ ուղերձն էր թեւածում աշխարհում, մեր սրբացած նահատակներն էին երկնքից մեզ հսկում, մեր զանգերն էին ոգեկոչման ղողանջներ արձակում, մենք նոր, բարձր որակով կյանք ապրելու հայտ ներկայացրեցինք…
Մնում է, որ հաջորդող բոլոր օրերին մենք չկորցնենք այս հրաշալի զգացողությունը, որակով ապրելու անհրաժեշտության գիտակցումը։ Գիտեմ, որ դժվար է, բայց մենք այլ ելք չունենք՝ սրբացած նահատակները վերեւից անվերջ հսկելու են մեզ։