«Ուզում ենք քաջալերել թուրքերին». գերմանացի պատվիրակ

«Այսօր ես մեծ պատիվ ունեմ ձեզ հետ միասին հարգելու հայոց անմեղ զոհերի հիշատակը»,- այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայերեն հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ անդամ Ալբերտ Վայլերը:

Նա նշեց, որ 20-րդ դարը սարսափելի հանցագործությունների, դաժան սպանությունների, կոտորածների ժամանակաշրջան է եղել, այն ժամանակ երիտթուրքերի կառավարությունը 1.5 մլն հայերի կոտորեց և դա Ցեղասպանություն էր. «Եթե հետադարձ հայացք ենք նետում այս դաժան ոճրագործությանը, ապա հասկանում ենք, որ խոսքը գնում է մեծ պետության ներկայացուցիչների մասին: Սա իրողություն է, որ հետ դարձնել հնարավոր չէ և մոռացության մատնել չի լինի: Մենք տխրում ենք և զայրանում, որ թուրքական կառավարության կողմից անցյալի միանշանակ ճանաչումը չկա ու չկա քննադատական անդրադարձ անցյալին, որը լավագույն ճանապարհն է, դեպի համատեղ ապագա: Ոչ ոք այս ոճրագործությունը չի մոռանա: Բազմաթիվ գիտանականներ, քաղաքական գործիչներ տարիներ շարունակ կոչ են արել Թուրքիային՝ ճանաչեք պատմական իրողությունը»:

Նա նշեց, որ ուրախ է, որ այս տարի Գերմանիան կարող է հստակ ու բաց Ցեղասպանություն կոչել. «Հայոց ցեղասպանությունը մոռացության չի մատնվի, այն մեր եվրոպական համատեղ պատմության մասն է: Մենք ևս 20-րդ դարում մեծ մեղք բարդեցինք մեր վրա: Հոլոքոստն անջնջելի կերպով գրվել է մեր ժողովրդի պատմության մեջ: Պատճառ կար գերմանացիներին ժողովրդավարական ընտանիքց հեռացնելու, բայց դա չեղավ: Մենք բախտ ունեցանք տեսնելու, որ մեզ հետ հաշտվում են և ներում են: Այդպես չէր լինի, եթե մենք չընդունեինք, առանց քննադատական անդրադարձի մեզ չէր հաջողվի հաշտվել այլ ժողովուրդների հետ: ԵՄ-ն արժեքային համակարգ է և, եթե Թուրքիան ուզում է դառնալ այս արժեհամակարգի մաս, պետք է ընդունի առանց բացառության իր անցյալը:

Նա, ով հակասնում է այս անցյալին, չի կարող մեր ընտանիքի մաս լինել: Ուզում ենք քաջալերել թուրքերին, հատկապես գիտնականներին, որոնք արդեն այսօր ընդունում են իրենց պատմությունը: Քաջալերում ենք, որ շարունակեն նույն ձևով: Քաջալերում ենք նաև հայերին, մենք կանգնած ենք ձեր կողքին, մենք հոգ կտանենք, որ Ցեղասպանությունը ձեր ժողովրդի նկատմամբ երբեք չմոռացվի: Հաշտեցումը և ներումը կօգնի և՛ զոհերին, և՛ դահիճներին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս