«Քոչարյանն իր հարցազրույցով երեք խնդիր լուծեց…»

Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրապարակված իր հարցազրույցում խոսելով ԲՀԿ-ի մասին` ասել է. «Միանգամայն հասկանալի պատճառներով ես չէի կարող համագործակցել մի քանի ամիս առաջ ձևավորված ոչ իշխանական ուժերի եռյակի ձևաչափի հետ։ Եվ ընդհանրապես, այդպիսի ֆորմատ չէր էլ կարող լինել, եթե ԲՀԿ-ն սպասարկեր իմ շահերը»։ Ըստ Ձեզ` համոզի՞չ են նրա հիմնավորումները, թե՞ ոչ։

– Ոչ։ Հիշեցնեմ` Քոչարյանն ինչ հայտարարեց փետրվարի 12-ից հետո. Քոչարյանը սկսեց ընդդիմության փոխարեն խոսել, ինչը շատ զարմանալի էր։ Քոչարյանն ընդդիմության անունից արդեն ասում էր, թե ընդդիմությունն ինչ կանի` կհակադարձի Սերժ Սարգսյանին, և այլն։ Հիմա, երբ արդեն Քոչարյանի խաղը տապալվել է, ուղղակի Քոչարյանին ոչինչ չի մնում, քան արդարանալ, որ ինքը կապ չուներ։ Ի վերջո, հասկանանք, որ նախկին նախագահների հետ ինչ-որ առեղծվածային, խորհրդավոր, մոգական ուժ են կապում, որ այ, ի տարբերություն մնացածներին` նրանք ավելի կարող են։

Երբ արդեն պայթում են միֆերը, որ առաջին նախագահը, երկրորդ նախագահը շարքային ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, և ոչ ավելին, դա, բնականաբար, այնքան էլ նրանց սրտով չէ, և նրանք փորձում են էլի այդ խորհրդավորությունը պահել, որ` «մենք այս պարտության հետ կապ չունենք»։ Կապ ունեն։ Ըստ էության, Սերժ Սարգսյանը հաշված րոպեների ընթացքում լուծեց, այսպես ասած, ընդդիմադիր հոսանքի խնդիր, և, ահա, Ռոբերտ Քոչարյանը չի կարող հաստատել, որ` «ես այնքան թույլ էի, այնքան չկայի, որ իմ հարցերը լուծեի մի քանի րոպեի, վայրկյանի ընթացքում»։ Հետևաբար` նա ընդամենը հետին թվով արդարանում է և փորձում է հեռավորություն վերցնել այդ ամենից, որպեսզի իր ամենազորության մասին միֆը պահպանի, և ոչ ավելին։

– Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ Ռ. Քոչարյանը փորձեց տարանջատվել ԲՀԿ-ից, քանի որ ԲՀԿ-ն արդեն պարտված ուժ է, ու իրեն ձեռնտու չէ նույնականացվել պարտվող ուժի հետ։

– Այո, իհարկե։ Նա փորձեց իր վրայից գցել պարտության պատասխանատվությունը։ Նա գոնե փորձում է իրեն փրկել։ Ընդհանրապես անցյալ ամիսների ընթացքում իր գործողությունները շատ սինքրոն են եղել եռյակի գործողությունների հետ, հատկապես` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի առաջնորդների մասով։ Այդ կտրվածքով` հիմա Քոչարյանը փորձում է պարտության փլատակների տակից դուրս գալ։

– Խոսելով հետագա զարգացումների մասին` Ռ. Քոչարյանն իր հարցազրույցում ասում է. «Ի՞նչ է փոխվել երկրում, որ իրավիճակը բարելավվի։ ԲՀԿ-ի կազմաքանդումը, իհարկե, թեթևացրեց իշխանությունների կյանքը, դրանով հանդերձ` ուժեղացրեց երկրում առկա քաղաքական մենաշնորհը, մնացած բոլոր խնդիրները թողնելով ինչպես որ կային, կամ էլ ավելի խորացնելով դրանք»։ Ըստ Ձեզ` որքանո՞վ են օբյեկտիվ նրա գնահատականները։

– Մի կողմից` Քոչարյանն ինքն իրեն առանձնացնում է ԲՀԿ-ից և նրա պարտությունից հեռավորություն վերցնում, մյուս կողմից` տեսանելի է, որ Քոչարյանը դա անում է ուղղակի ապագայում մի նոր խաղում իրեն գտնելու համար և դրա համար փորձում է ասել, թե իր գնահատակնները պահպանվել են, թե երկրի զարգացման միտումներն անբավարար են։ Որքան էլ իրավացի լինի Քոչարյանն իրավիճակի գնահատականներում, ի վերջո, Քոչարյանը միակ և առաջին ճշմարտությունն ասողը չէ։

Ավելին, նա այդ ճշմարտության կեսն է ասում, նա չի ասում, թե պետության սնանկացման գործում ինքը և մյուս նախագահներն ինչ դերակատարում են ունեցել։ Քոչարյանի հարցազրույցի այդ հատվածն ամենևին անկեղծության, անկեղծ մտահոգության մասին չէ։ Քոչարյանն ուղղակի, ինչպես նախկինում, այժմ էլ փորձում է մանիպուլյացնել իրավիճակը և իրեն դիրքավորել` ապագա նոր հնարավորություններին ընդառաջ։ Իհարկե, այս պահին ինքն էլ չգիտի` ինչպես ինքը կկարողանա հաջորդ անգամ դիրք գրավել քաղաքական կյանքում։

Գոնե անցյալ տարվա ընթացքում նա, այսպես ասած, ստեղծեց եռյակը և իր ստվերային դերակատարմամբ փորձում էր ակտիվանալ։ Այժմ, երբ նա զրկված է մի շարք հնարավորություններից, դժվար է ասել, թե ինչ կլինեն նոր գործիքները, որոնք նա կօգտագործի իրեն վերակենդանացելու համար։ Համենայնդեպս, իրավիճակի գնահատականները նա տալիս է ոչ այնքան` երկրի ապագայով մտահոգ լինելով, այլ ուղղակի այդ խաղն աչքի տակ ունենալով։

– Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` Ռ. Քոչարյանը դարձյալ պնդում է, թե դրա անհրաժեշտությունը չկա։ Նաև նկատում է. «Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելն ինքնաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակցական միջավայրի առաջացմանը։ Շատ ավելի հավանական է, որ այն կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը»։ Ի՞նչ կասեք այս գնահատականների վերաբերյալ։

– Քոչարյանն այնպիսի զարմանալի գնահատականներ է տալիս, որ ակամայից ապշում ես, զարմանում ես։ Արդյոք հովանավորչությունը կապ չունի՞ այս սահմանադրության հետ, վիճելի խնդիր է։ Թերևս Քոչարյանը դա ավելի լավ իմանա, որովհետև այդ նույն հովանավորչությունն իր օրոք էլ տեղը տեղին կար, և ընդհանրապես` ոչ ֆորմալ ինստիտուտները բավականին համակարգային բնույթ ստացան հենց իր պաշտոնավարման շրջանում։ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում ոչ ֆորմալ ինստիտուտները շատ հախուռն, չկազմակերպված բնույթ ունեին, Ռոբերտ Քոչարյանը դա վերածեց մի կատարյալ համակարգի։ Հետևաբար` պետք է նաև խոստովանել, որ այս դեպքում էլ Քոչարյանը կես ճշմարտությունն է ասում, բայց չի ասում, որ այդ նույն հովանավորչության, մենաշնորհների ուղղակի ակունքները թաքնված են Սահմանադրության մեջ։

Եթե մի Սահմանադրության մեջ երկրի նախագահից մոնստր է ստեղծված, եթե ամբողջ իշխանությունն ուղղակիորեն կենտրոնացած է նրա ձեռնքում, ո՞նց կարող է քաղաքական մենաշնորհը կապ չունենալ ներկայիս կառավարման հետ։ Անբարո պետք է լինել` հասարակությանը միտումնավոր սխալմունքի մեջ գցելու առումով, թե այս Սահմանադրությունը կապ չունի քաղաքական և տնտեսական մենաշնորհի հետ։ Քոչարյանը շարունակում է ջրեր պղտորել։

– Պարոն Սաֆարյան, ընդհանրապես, ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է հետապնդում երկրորդ նախագահն այս հարցազրույցով, ի՞նչ է ցանկանում ասել և ո՞ւմ։

– Քոչարյանը երեք խնդիր լուծեց։ Առաջինը` ուզում է ասել, որ ինքն այդ պարտության հետ կապ չունի, և, որ ինքը պարտվող չէ։ Երկրորդը` ինքը հասկանում է, որ իր երկրորդ պարտությունը սահմանադրական փոփոխությունների հետ է կապված, որովհետև, ի վերջո, եռյակը ստեղծված էր նաև սահմանադրական փոփոխություների գործընթացը տապալելու, կանխելու համար։ Նա հասկանում է, որ այդտեղ էլ է տապալվել և շարունակում է ուղղակի գոնե խոսքի մակարդակով փորձել հասարակության մեջ այդ տրամադրությունները խորացնել։ Երրորդը` երևի թե միայն նախկին նախագահները գիտեն, թե ինչքան կարևոր է արտաքին գործընթացներում երկրի ղեկավարի ներգրավվածությունը, հատկապես դա ասում եմ իշխանափոխության կոնտեքստում։ Այսինքն` եթե երկրի ղեկավարները ներգրավված են որևէ արտաքին քաղաքական գործընթացում, բնականաբար, նրանց իրենց աթոռից պոկելն ավելի դժվար է լինելու։

Հիմա Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը լավագույնս են զգացել, որ ինչ-որ միջազգային պրոցես կա, որում ներգրավված է Սերժ Սարգսյանը։ Չասեմ` մեծ կամ փոքր չափերով։ Ակնհայտորեն իրենք տեսնում են, որ հայ-թուրքական հարաբերությունները մի այլ հարթություն են տեղափոխվում, և իրենք հասկանում են, որ այն համարձակ ձևակերպումները, որոնք տրվեցին Ցեղասպանության հռչակագրում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, փաստացի դրանց միջազգային ռեակցիան չկա։

Այսինքն` որևէ մեկը` ԱՄՆ-ից սկսած` Ռուսաստանով և Եվրոպայով, չի քննադատել Սերժ Սարգսյանին, թե այս ինչ համարձակ բաներ ես անում։ Այսինքն` իրենք հասկանում են, որ կա ինչ-որ մի պրոցես, և այդ պրոցեսի մի մասն է կազմում հայկական խաղաքարտը, և Ս. Սարգսյանն այդտեղ որևէ դերակատարում ունի։ Եվ հանուն արդարության` պետք է ասեմ, որ մեր քաղաքական դաշտում միայն Ռ. Քոչարյանն ու Լ. Տեր-Պետրոսյանն են հասկանում, թե ինչ է դա նշանակում։

Դա նշանակում է` ընդհանրապես է՛լ ավելի բարդացնել Ս. Սարգսյանի ձեռքից իշխանությունը վերցնելու խնդիրը։ Դրա համար նրանք երկուսն էլ հանդես են գալիս Հայ-թուրքականի հետ կապված իրենց համալիր ծրագրային գնահատականներով։ Այսինքն` նրանք անհանգստացած են այն լռությունից, որի պայմաններում ընդունվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը։ Նրանք հասկանում են, որ այդ լռությունը, կարելի է ասել, համաձայնության նշան է, որ միջազգային հանրությանն այլևս ամենևին չի հուզում Հայաստանի կողմից պահանջատիրությունը դեպի Թուրքիա, որովհետև աշխարհն ինքն իր խնդիրներն ունի Թուրքիայի հետ։ Այսինքն` երեք խնդիր կար այդ հարցազրույցում. առաջինը` «ես պարտության հետ կապ չունեմ, երկրորդը` սահմանադրական փոփոխություններ չպետք է լինեն, երրորդը` այլընտրանք ներկայացնել Սերժ Սարգսյանի հայ-թուրքական նոր դոկտրինին։

Տեսանյութեր

Լրահոս