Հունաստանը կարող է վերադարձ կատարել դրահմային
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/pic_72b4845452586cd58e79c735e592c3e8.jpg)
Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ` Հունաստանի կառավարությունը պատրաստել է բանկային համակարգի ազգայնացման եվրոյի հետ զուգահեռ արժույթի ներդրման վերաբերյալ արմատական պլան: Այս մասին թերթին հայտնել են Հունաստանում իշխող «Սիրիզա» կուսակցության աղբյուրները:
Այդ պլանը կյանքի կկոչվի, եթե Աթենքը չկարողանա ֆինանսական աջակցության ծրագրի շուրջ պայմանավորվել Եվրոպայի հետ: Այդ դեպքում կառավարությունը չի ունենա գումարներ` սոցիալական պարտավորություններն իրագործելու համար:
Թերթը գրում է, որ դա Հունաստանի իշխանություններին կհարկադրի վերադառնալ դրահմային, որը շրջանառությունից դուրս է բերվել 2001 թվականին` եվրոգոտուն միանալուց հետո:
Պլանավորվում է հույների աշխատավարձերն ու թոշակները վճարել հենց դրահմայով: Հունաստանն ընդհանուր առմամբ վարկատուներին պարտք է 320 միլիարդ եվրո: