Կինը մեղավոր է ճանաչվել մոր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը. դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ սահմանվել է նյարդահոգեբույժի հսկողություն:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև՝ փայտով, դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր մոր մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ. պատճառված վնասվածքների հետևանքով հաջորդ օրն առավոտյան մայրը մահացել է:
Դատարանն ապացուցված է համարել, որ կինն իր եղբոր, մոր հետ բնակվել են միասին, վերջինս տառապել է «ծերունական սկլերոզով», ինչի պատճառով հաճախ տանից դուրս է եկել և չի կարողացել վերադառնալ տուն, նրան տարբեր վայրերից գտնելով՝ եղբայրն ու քույրը վերադարձել են տուն։ Դատարանն ապացուցված է համարել, որ հիմնականում նշված հարցով` նրանց միջև հաճախ եղել են վիճաբանություններ, որի ժամանակ քույր և եղբայր ծեծել են իրենց մորը։
Ըստ դատարանի վճռի՝ դատարանն ապացուցված է համարել, որ եղբայրը բացակայել է տանից, այդ ընթացքում նրանց մայրը դուրս է եկել տանից, իսկ քույրը, նրան գտնելով, բերել է տուն, վիճաբանել նրա հետ, որի ժամանակ փայտով, ոտքով և ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Դատարանն ապացուցված է համարել, որ տուն վերադառնալուց հետո եղբայրը նստել է ընթրելու, մի քանի անգամ առաջարկել է մորն իր հետ ընթրել, սակայն նա հրաժարվել է, ինչից եղբայրը վրդովվել է, սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ եղբայրն ու քույրը ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, և վերջինս փախել է դուրս, քույրը դուրս է եկել նրա հետևից, համոզել և բերել տուն, դրանից հետո եղբայրը կրկին ծեծի է ենթարկել մորը, ով դուրս է եկել տանից և գիշերել բակում, իսկ եղբայրն ու քույրը պառկել են քնելու։ Դատարանն ապացուցված է համարել, որ առավոտյան, երբ եղբայրը դուրս է եկել տան բակ, տեսել է մորը բակում ընկած` գրեթե անգիտակից վիճակում։ Ձայն է տվել, կանչել քրոջը, և երկուսով մորը տարել են տուն, սակայն մայրը գիտակցության չգալով՝ մահացել է։ Այդ ընթացքում վերջինս կցկտուր հայտնել է, որ ինքը ցանկանում է գնալ-հասնել հանգուցյալ ամուսնուն։
Եղբոր նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի համաձայն՝ նա ճանաչվել է անմեղսունակ, իրավախախտումը կատարելիս գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունից։
Առաջին ատյանի դատարանի կողմից որոշում է կայացվել անմեղսունակության փաստը հաստատելու, եղբոր նկատմամբ որպես անվտանգության միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու մասին:
Ըստ դատարանի վճռի՝ դատական քննության ընթացքում ամբաստանյալ կինն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել, հայտնել, որ վերջին ժամանակները մայրն իր կամքից անկախ դուրս է գնացել, խելքը լրիվ թռցրել է։ Փախել է տանից, իրեն և եղբորը չի սիրել, ամեն փուչ բանից վեճ է եղել իրենց տանը, նրանք չեն ցանկացել սպանել մորը, սակայն այդպես է ստացվել։
Մայրն իրենց չի սիրել, իրենք հիվանդ են, ինքը մեկ անգամ հրել է մորը։ Այդ օրը մայրը շատ վատ է եղել, եղբայրը նրան խփել է փայտով, ոտքով, ինքը տեսել է, իր ներկայությամբ է եղել։ Ինքը մեջտեղ է ընկել, եղբայրն իրեն էլ է հարվածել։ Մինչ մահանալը՝ ինքը ցավազրկողներ է տվել, որ մայրը մի քիչ հանգստանա և քնի։ Այդ օրն ինքը չի խփել, բացառված է։ Երևի մայրն ընկել է աստիճաններից։ Ավելի շատ եղբայրն է ծեծել, ինքը չի հարվածել։
Ինքը չի միացել եղբորը և, մորը հրելով՝ նպատակ չի ունեցել նրան սպանելու։
Դատավճռի հրապարակումից հետո մեկամսյա ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: