Տավուշում «վարպետները» գողացել են օգտագործված շորեր, կոշիկ, լոգարանի ցնցուղ
Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Արամ Աղասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով նույն տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Մխիթար Խաչատրյանի հետ, Վերին Ծաղկավանի բնակիչ Ռազմիկ Ասիրյանի առանձնատանը վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, օգտվելով վերջինիս բացակայությունից, նրա առանձնատնից հափշտակել են օգտագործված իրեր՝ մեկ զույգ կոշիկ, երկու վերնաշապիկ, վերնազգեստ, սպորտային բաճկոն, երկու տաբատ, մետաղյա հուշանվեր, լոգարանի ցնցուղ՝ ծորակներով, լոգարանի ջրահեռացման մետաղյա դետալ եւ կահույքի 20 հատ բռնակ:
Դրա հետեւանքով Ռ. Ասիրյանին պատճառվել է 14 500 դրամի նյութական վնաս: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Աղասյանը եւ Մ. Խաչատրյանը նախկինում դատված են: Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Սույն քրեական գործով դատավարությունն այսօր մեկնարկելու է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: