Քաղցկեղի առաջացման հավանականությունը կախված է բնային բջիջների ակտիվությունից
Ինչո՞ւ է թոքերի քաղցկեղը մարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում, քան ուղեղինը: Այստեղ խնդիրը միայն ծխելն ու վատ էկոլոգիան չեն: Քաղցկեղի առաջացումը կախված է նաև նրանից, թե ինչ հաճախությամբ են կիսվում տվյալ հյուսվածքի բնային բջիջները:
Հայտնի է, որ քաղցկեղի տարբեր տեսակներ ունեն տարբեր առաջացման հավանականություն: Ըստ վիճակագրական տվյալների՝ թոքերի քաղցկեղը 11 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան գլխուղեղի քաղցկեղը: Սովորաբար նման տարբերությունը բացատրում են կենսակերպով, էկոլոգիական պայմաններով կամ ժառանգական նախատրամադրվածությամբ: Այսինքն՝ թոքերի քաղցկեղն ավելի հաճախ է զարգանում ծխելու հետևանքով, կամ դրա հետ կապված գենետիկ անոմալիաներն ավելի լավ են «ամրանում» սերունդներում, քան ուղեղի քաղցկեղի դեպքում: Բայց ո՛չ էկոլոգիան, ո՛չ վատ սովորությունները, ո՛չ էլ ժառանգականությունը մինչև վերջ չեն բացատրում, թե ինչո՞ւ է տարբեր հյուսվածքներում չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը տարբեր:
ԱՄՆ-ում Ջոն Հոպկինսի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ երրորդ և, ամենայն հավանականությամբ, գլխավոր գործոնը, որը պայմանավորում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, բնային բջիջների բաժանումների քանակն է: Օրգանիզմի հյուսվածքները մշտապես նորոգվում են՝ սեփական բնային բջիջների հաշվին: Արյան, աղիների էպիթելի, մաշկի և մյուս բոլոր հյուսվածքների համար բնային բջիջները տարբեր են, տարբեր է դրանց բաժանման արագությունը, բաժանումների քանակը կյանքի ընթացքում: Ինչպես գրում են Science-ում Քրիստիան Թոմասետտին և Բերտ Վոգելշտեյնը, տարբեր հյուսվածքների միջև քաղցկեղի առաջացման հավանականության տարբերությունների 65%-ը պայմանավորված է հենց նրանով, որ որոշ հյուսվածքներում բնային բջիջները կիսվում են ավելի ակտիվ, քան մյուսներում:
Որքան ավելի շատ բաժանումների քանակ է կուտակվում բնային բջիջների պոպուլյացիայում, այնքան ավելի մեծ է չարորակ գոյացության առաջանալու հավանականությունն այդ հյուսվածքում: Այդպիսով, ամենահազվադեպ քաղցկեղները զարգանում են գլխի, կոնքերի, նախաուսային շրջանի ոսկորներում, և, իրոք որ, բնային բջիջներն այստեղ ամենաթույլ ակտիվությունն ունեն: Ամենահաճախը դրանք կիսվում են էպիթելի հիմային (բազալ) շերտում (հիմային շերտի հաշվին է իրականանում մաշկափոխությունը), ինչպես նաև հաստ և ուղիղ աղիներում, և հենց այս ուռուցքներն են համարվում ամենատարածվածը:
Հյուսվածքի կամ օրգանի հիմնական մասը կազմող տարբերակված (դիֆերենցված) բջիջների մեծ մասը երկար չեն ապրում (բացառությամբ, օրինակ, նեյրոնների): Դա է պատճառը, որ եթե անգամ նրանք կուտակեն մեծ քանակությամբ քաղցկեղածին (օնկոգեն) մուտացիաներ, հիվանդությունը չի զարգանա, և բջիջը կմահանա մինչև քաղցկեղի առաջացումը: Հակառակ սրանց, բնային բջիջները երկար են ապրում և ավելի շատ են բաժանվում ու կարող են քաղցկեղի առաջացման հիմք հանդիսանալ: Որքան շատ է բջիջը կիսվում, այնքան մեծ է հավանականությունը, որ ժամանակին դրանում առաջացաժ օնկոգեն մուտացիան կգործի և հիվանդության զարգացման պատճառ կդառնա այդ բջջի կամ դրա սերունդների՝ կլոնների մոտ:
Բնական է, որ այս ամենն ամենևին էլ չի հերքում վատ էկոլոգիայի և սխալ կենսակերպի դերը քաղցկեղի առաջացման մեջ: Բջջային բաժանումների քանակը գործում է՝ որպես ուժեղացուցիչ, և որոշ հյուսվածքներում այն թույլ է գործում, մյուսներում՝ ուժեղ: Այսպիսով, եթե երկու տիպի քաղցկեղներ ունեն ակնհայտ տարբեր առաջացման հավանականություն, ապա այդ տարբերությունների 65%-ն է միայն պայմանավորված բջջային բաժանումներով, իսկ մնացած 35%-ը կարելի է վերագրել արտաքին գործոններին կամ ժառանգականությանը:
Հետազոտելով ուռուցքի առաջացման հավանականությունը և բնային բջիջների բաժանման տեմպերը 31 հյուսվածքներում, աշխատանքի հեղինակները հաշվի չեն առել կաթնագեղձերի և շագանակագեղձի քաղցկեղը: Խնդիրն այն է, որ առայսօր հստակ տեղեկություններ չկան կաթնագեղձում և շագանակագեղձում բնային բջիջների ակտիվության մասին: Բայց քաղցկեղի այդ տեսակները, ցավոք, ամենատարածվածներից են, և գիտնականները պատրաստվում են մոտակա ժամանակներում զբաղվել հենց դրանց ուսումնասիրությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ