Բաժիններ՝

Սպասենք նոր ալեկոծումների

Իշխանություն-հանրություն հարաբերություններում ալեկոծումները սպասված երևույթ են: Դրանք անհանգստություն են առաջացնում, երբ հասնում են 9-րդ ալիքի աստիճանի, որպիսին գրանցվեց փետրվարյան օրերին. այս ալիքի ազդեցությունն ուղղակի կործանարար է, դրանից խուսափելը՝ պարտադրանք:

Հանրահայտ է, որ վրդովմունքի տրամադրություններ արտահայտողների հիմնական պահանջը սոցիալ-կենցաղային է, երբ աշխատավարձով ու կենսաթոշակով ապրելը գոյատևել է դառնում: Նրանք հազվադեպ են առնչվում պետական ու իրավապահ կառույցների, կրթական ու առողջապահական համակարգերի հետ, համբերատար են, զուսպ ու հաշտվող: Եթե զայրանում էլ են, ոչ ամեն օր կարտոֆիլ ու մակարոնեղեն ուտելուց, այլ երբեմն էլ սուպերմարկետների ցուցափեղկերի տասնյակ տեսակներով պանիրներից գեթ մեկը գնելու անկարողությունից ու ամիսը գոնե մեկ անգամ համեստ խորոված անելու անճարությունից:

Պարզ ու հասարակ այս ցանկությունները բավարարելու համար հարկ է կարգ ու օրենք շրջանցել, ինչ-որ բան խոշորացույցով դիտարկել, ինչ-որ բան չտեսնելու տալ, որն էլ ալեկոծում է մարդկանց, ինչ-ինչ համակարգային փոփոխությունների պահանջի հանգեցնում: Այսուհանդերձ, միանշանակ իշխանության պարբերական փոփոխության կողմնակից լինելով հանդերձ, քանզի ցանկացած իշխանություն որոշակի ժամանակահատվածում ուռճանալու հակումներ է դրսևորում, ցանկանում եմ հետևյալ հարցն ուղղել. համակարգային ի՞նչ փոփոխություններ են կատարվել միակուսակցական Չինաստանում, ուր արդեն 26-րդ տարին տյանանմենական իրադարձություններ չեն նկատվում:

Տնտեսական թեմաներով գրող լրագրողս մեկ հիմնական հարց կարող եմ առանձնացնել. սակավահող այս երկիրն ընդօրինակելով գյուղատնտեսական նշանակության հողերի կառավարման համաշխարհային փորձը, կարողացավ անցած 20 տարիների ընթացքում կաթնամսամթերքների սեփական պահանջը բավարարող արտադրություն իրականացնել:

Այսօր աշխարհում արտադրվող 110 մլն տոննա խոզի մսի կեսը չինական ծագման է, իսկ հավի մսի արտադրությունն արդեն գերազանցում է ԱՄՆ-ի ցուցանիշը: Այսօրինակ գործելաոճի օգնությամբ չին կառավարիչները, մասամբ թե հիմնավորապես, մարում են ալեկոծումների ընթացքը: Ի վերջո, նպատակը մարդկանց բարեկեցությունն է, ինչ ձևի մեջ էլ այն դիտարկենք: Մի այլ հարց ուղղեմ. ինչո՞ւ են միլիոնավոր աֆրիկացիներ իրենց տաք երկրները թողած՝ ցրտաշունչ եվրոպական երկրներ փախչում: Որովհետև 1,1 մլրդ բնակչություն ունեցող Աֆրիկայում հազիվ 5 մլն տոննա միս է արտադրվում, երբ 600 մլն բնակչությամբ Եվրոպայում այն 60 մլն տոննա է:

ՀՀ պետական համակարգն այսօրինակ գործընթացը պարզապես չտեսնելու է տալիս, որի արդյունքում՝ հայ հողագործն օտարվել է իր անելիքից, իսկ երկիրը՝ մնացել կենսական անհրաժեշտության սննդամթերքներով ապահովվածությունը ներկրումներով իրականացնելու հույսին: Միջին հայաստանցու սննդակարգը հիմնավորապես խախտվել է, նրա հույսը մնացել է մասամբ մատչելի, բայցև կասկածելի որակի սառեցված, 35 հազար տոննայի հասնող ներկրված հավի միսը, քանզի սեփական արտադրությունը 5 հազար տոննա է: Համանման վիճակ է խոզի և խոշոր եղջերավորի մսի առումով:

ՀՀ-ում արտադրված երշիկեղենը՝ ամբողջությամբ, մսամթերքներն ու կաթնամթերքները՝ հիմնականում ներկրված հումքից են, նույնը՝ բուսական ու կենդանական յուղերը, հատիկաընդեղենները, անգամ սոխն ու սխտորը: Այս ամենը մեր մարդիկ բացառապես գնում են արտերկրներից ստացվող գումարներով, որոնց որոշակի մասը ծախսվում է նոր ներմուծումներ իրականացնելու նպատակով: Փոխարենը՝ ՀՀ-ն դառնում է ծխախոտ,  ալկոհոլ ու անգամ աղացած սուրճ արտադրող ու արտահանող երկիր, մասամբ էլ՝ այլոց բանջարաբոստանային կցորդ:
Իրոք դժվար է այս վիճակը չտեսնել, սակայն ՀՀ իշխանություններին դա, չգիտես՝ ինչու, հաջողվում է: Արդյոք ա՞յս է երկիրը կառավարելու կերպը, որը, ուզենք թե չուզենք, ալեկոծումների է հանգեցնում: Աստված մի արասցե՝ 9-րդ ալիքի ուժգնության:

Գեղամ  Քյուրումյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս