«Եթե Միացյալ Նահանգները և Իսրայելն այդ հարվածը հասցնեն՝ կնշանակի Չեռնոբիլյան ողբերգություն նաև Հայաստանի համար». Քաղաքագետ
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելի հետ միասին, շարունակում է ռազմական գործողություններն Իրանի դեմ, Իրանն էլ իր հերթին՝ թիրախավորում է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում ամերիկյան ռազմաբազաները, Իսրայելի տարածքը՝ նույնպես։
Ռազմական գործողությունների հետևանքով Իրանում կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ։ Երեկ սպանվել է նաև Իրանի հոգևոր առաջնորդը։
Չնայած այս ամենին, ՀՀ անվտանգության խորհուրդը նիստ է արել, որից հետո հայտարարել, որ Հայաստանի սահմանների հետ կապված անվտանգային խնդիր չկա։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները չեն կարող վտանգ չներկայացնել Հայաստանի դեմ։
«Վերջերս ձեզ հետ զրույցում ասել էի, որ Իրանի միջուկային կառույցներից մի քանիսը գտնվում են Իրանի հյուսիսում, այսինքն՝ մեր սահմանին շատ մոտ։ Հիմա իրավիճակը գնալով լարվում է, հետևաբար՝ չի բացառվում, որ հարվածներ հասցվեն այդ կառույցներին, ինչը նշանակում է ուղիղ վտանգ նաև Հայաստանին։ Աստված ոչ անի, եթե Միացյալ Նահանգները և Իսրայելն այդ հարվածը հասցնեն՝ կնշանակի Չեռնոբիլյան ողբերգություն, նաև Հայաստանի համար։ Առաջին հերթին սա է ամենամեծ վտանգը մեզ համար»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ, եթե ԱՄՆ-Իսրայել հարձակումն Իրանի վրա շարունակվի, ապա կա 2 տարբերակ՝ հնարավոր է 2 շաբաթից ամեն ինչ ավարտվի, կամ կարող է գործել սցենար, որը ձեռնտու է Միացյալ Նահանգներին ու Իսրայելին, ըստ որի՝ կփոխեն Իրանի քաղաքական ներկայիս ուղղվածությունը։
«Վերջին տարբերակը քիչ հավանական եմ համարում, որովհետև տպավորություն է, որ իրանական ժողովուրդն այս վտանգի առջև ավելի է միավորվել։ Բայց եթե այս տարբերակը հանկարծ իրականություն դառնա, կնշանակի, որ Հայաստանը կունենա ևս մեկ հարևան, որն Իսրայելի հետ միասին կգործի ՀՀ շահի ու անվտանգության դեմ։
Այդուհանդերձ ոչինչ չպետք է բացառենք, որովհետև աշխարհաքաղաքական մեծ վտանգ կա»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ուսումնասիրելով պատերազմի այս երեք օրերը, Գագիկ Հարությունյանը եկել է այն եզրահանգման, որ Իրանի քաղաքական ու հոգևոր վերնախավը, ժողովրդի հետ միասին, հակված են պայքարելու ու պահպանելու Իրանի ներկայիս քաղաքական ուղղվածությունը։
Քաղաքագետը նաև վստահ է՝ Իրանի դեմ տեղի ունեցողի հետ կապված՝ հայ ժողովրդի ու ՀՀ օրվա իշխանությունների դիրքորոշումներն էականորեն տարբեր են։
«Իրանի թուլացումը ձեռնտու է անգլոսաքսերին, ու այս ֆոնին ՀՀ իշխանության ղեկավարը նստած նարդի էր խաղում։
Ինչ վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին, ապա նրանք ներքուստ ուրախ են Իրանի դեմ կատարվողից, սակայն արտաքուստ իրենց չեզոք են պահում»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։



