Իրանի շուրջ զարգացումների ֆոնին Մակրոնը պարզապես փորձում է լինել «եղանակին» համահու՞նչ, թե Ֆրանսիան իսկապես պատրաստ է միջուկային «հովանոց» բացել Եվրոպայի վրա. Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Ֆրանսիան մտնում է «առաջմղված միջուկային հայեցակարգի» փուլ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Նա նշել է, որ Ֆրանսիայի այդ դոկտրինին միանում են եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում Գերմանիան, Դանիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Հունաստանը, Բելգիան:
Գերմանիան արդեն այս տարվանից, ըստ Մակրոնի, Ֆրանսիայի հետ կմասնակցի միջուկային օբյեկտների համատեղ դիտարկման ու վարժանքների:
Մակրոնը նաեւ հայտարարել է, որ ավելացնելու են միջուկային մարտագլխիկների թիվը, ինչպես նաեւ սկսելու են հիպերձայնային հրթիռների մշակման ծրագիր:
Իրանի շուրջ զարգացումների ֆոնին Մակրոնը պարզապես փորձում է լինել «եղանակին» համահու՞նչ, թե Ֆրանսիան իսկապես պատրաստ է միջուկային «հովանոց» բացել Եվրոպայի վրա: Ներկայումս Ֆրանսիան չունի այդ ուժը, որքան էլ ճոխ հնչեն Մակրոնի ելույթները:
Հետեւաբար, այս պահին նա ավելի շատ փորձում է պարզապես «հագնվել» միջազգային եղանակին համահունչ, իսկ գործելու առումով հարցերը իհարկե շատ են, կապված առնվազն 2027 թվականի նախագահի ընտրության հետ, որտեղ Մակրոնը չունի առաջադրվելու իրավունք»:



