ԱԺ-ն՝ առանց ԲՀԿ-ի

Ազգային ժողովը երեկ հերթական քառօրյա նիստերը սկսեց առանց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության: Նախքան նիստի մեկնարկը ԲՀԿ խմբակցությունում խորհրդակցություն գումարվեց, որին, սակայն, ներկա չէր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա կրկին բացակայում էր խորհրդարանից:

Դուրս գալով խորհրդակցությունից` պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, փոխարենն արտասանեց Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի «Գործն է անմահ, լավ իմացեքգ» հատվածը: Նա հավելեց, թե շուտով պատշաճ կարգով կտեղեկացվի քննարկման մասին: ԲՀԿ-ական մյուս պատգամավորներն էլ լռելյայն հեռացան, իսկ Լյովա Խաչատրյանը միայն հայտարարեց՝ «երջանիկ ենք և ուրախ»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարելով քառօրյա նիստի մեկնարկը, տեղեկացրեց, որ ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ու, ԱԺ Կանոնակարգ-օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել դիմումը, իսկ եթե չի վերցնում, նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են: Գ.Սահակյանը նաև հայտնեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանն իր գրավոր դիմումի համաձայն` դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին` հայտարարեց, որ հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ վիճակը, ԲՀԿ-ն բոյկոտում է այս քառօրյան, իսկ առաջիկա օրերին հանդես կգա հայատարարությամբ և կներկայացնի իր անելիքները: Այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավորները լքեցին դահլիճը, և ԱԺ նիստը շարունակվեց առանց նրանց:

Նիստի ընթացքում ժամանակ առ ժամանակ ԲՀԿ-ականների վերաբերյալ պաշտպանական խոսքով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, որ այս իրավիճակում ԱԺ-ն պետք է քննարկման առարկա դարձներ Գագիկ Ծառուկյանի հանդեպ Սերժ Սարգսյանի ահաբեկչական գործողությունները: Լ.Զուրաբյանը կատարվածը որակեց` որպես «գրոհ սահմանադրական ազատությունների վրա»:

«Գագիկ Ծառուկյանի թիմն ունի մի ամբողջ խմբակցություն: Եթե իրենք խոսելու կարիք ունենային` կխոսեին, չէին բոյկոտի»,- գործընկերոջն ընդհատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու կոչ արեց ԲՀԿ խոսնակի դերը չստանձնել: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ-ականները պնդում էին, թե Ծառուկյանի հանդեպ ոչ մի ճնշում չի իրականացվում: «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ճնշումներ չեն գործադրվում: Սա քաղաքական իրավիճակներից բխող մոտեցում է, կարծում եմ, որ ճնշող-ճնշվող խնդիր չի լինի, առավել ևս` ոչ հաղթողներ կլինեն, ոչ պարտվողներ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա չմանրամասնեց, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ, ու խորհուրդ տվեց այդ հարցով դիմել կողմերից մեկին: Հարկային ստուգումների վերաբերյալ Գ. Սահակյանը նշեց, թե ոչ ԱԺ նախագահը և ոչ էլ ՀՀԿ-ն ստուգող չեն. «Նույնը ես կարող եմ ձեզ հարցնել` դուք պեղելո՞ւ եք, հետաքննություն կատարելո՞ւ եք, թե՞ ոչ»: ԱԺ նախագահը նաև նշեց, որ Գ.Ծառուկյանն իր բացակայությունների վերաբերյալ անձամբ հիմնավորումներ չի ներկայացրել, թեև նման պահանջով նամակ էր ուղարկվել նրան. «Ուսումնասիրվել է Ազգային ժողովի ընդհանրապես բացակայությունների խնդիրը, հարցն իրավական տեսքի է բերվել, լրիվ հիմնավորումները կան: Լրացուցիչ տեղեկանքներ եմ ուզել, կարծում եմ, որ ժամանակին, պատշաճ կերպով այդ խնդիրը կլուծվի»: Գ. Սահակյանը խուսափեց պատասխանել հարցին, թե նախկինում հարգելի համարված բացակաների հիման վրա ինչպե՞ս են զրկելու մանդատից, ու նշեց, որ, երբ «գործառույթը կատարեն», կտեղեկացնեն բոլորին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի բնորոշմամբ` Սերժ Սարգսյանի որոշումներն ու գնահատականները եղել են քաղաքական: «Մարդիկ հասկացան և գնահատեցին, թե ինչ կարող է կատարվել, ինչ հետևանքներ կարող են ունենալ: Ճնշումներ չեն եղել»,- ասաց Բաղդասարյանը: Մեր դիտարկմանը, որ ըստ լուրերի՝ 12 պայմաններ են առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի կողմից, Բաղդասարյանն ասաց. «Բա ո՞ւր են այդ պայմանները, նման պայմաններ չկան: Առաջիններից մեկը ես տեղյակ կլինեի դրա մասին»:

Արդեն նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանն օրվա ընթացքում հանգիստ շրջում էր ԱԺ-ի ՀՀԿ-ական թևում: Լրագրողներին նա պարզաբանեց, որ դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, բայց շարունակում է մնալ ԱԺ խմբակցության անդամ` մանդատը պահպանելու համար, և լինելու է անկախ պատգամավոր:
Ի պատասխան մեր հարցի, թե ինչո՞ւ է նման որոշում ընդունել, ճնշումնե՞ր են եղել, Ախոյանը հայտարարեց, թե ոչ մի ճնշում չի եղել: Միաժամանակ Ա.Ախոյանը խոստովանեց, որ «փոթորիկը» բոլորովին էլ թեթև չէր, որ ԲՀԿ-ականները լքեցին նավը.

«Եթե գնահատականներ կան թեթևի, ապա ծանրի մասին կուզեմ շեշտեն` ո՞րն է ծանրը: Ոչ մի ճնշում չի եղել, իմ դուրս գալն իմ գործառույթներով է պայմանավորված: Ես էնտեղ հստակ ասել եմ, ոչ կարող եմ ավելացնել, ոչ պակասեցնել: Ես հստակ ձևակերպեցի բոլոր պատճառները, բոլոր հիմնավորումները, թե ինչի եմ նման քայլի գնում»:
Սակայն ճնշումների փաստն ակամա խոստովանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված Գագիկ Ծառուկյանի հանդեպ ճնշումները. «Իրան են ճնշում, ընձի ինչի՞ եք հարցնում»:

Գեներալ-պատգամավորը չպատասխանեց, թե ինչ ճնշումների մասին է խոսքը, ու հրաժարվեց կանխատեսել՝ արդյո՞ք Ծառուկյանը կշարունակի զբաղվել քաղաքականությամբ. «Ես հո Նաստրադամո՞ւսը չեմ, եկել ես` ստից հարցեր ես տալիս»: Իսկ հարցին, թե արդյո՞ք համամիտ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտքին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն ինտելեկտուալները, Մ.Գրիգորյանը պատասխանեց. «Ինքը զբաղվում ա, նախագահն իսկապես զբաղվում ա քաղաքականությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս