Մեծ փողերի վտանգը

ՀՀԿ խորհրդի հայտնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ կիրառվելիք քայլերի, խոսեց նաև հարկերի մասին։ «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները` չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին` հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Այսինքն` չի բացառվում, որ շուտով հարկային ստուգումներ սկսվեն Գագիկ Ծառուկյանին ամբողջությամբ կամ մասամբ պատկանող ընկերություններում։ Իսկ դրանք բավականին շատ են։ 2014 թվականի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 1000 ընկերություններից 16-ը փոխկապակցված են Ծառուկյանի հետ։ Եվս մեկուկես տասնյակ ընկերություններ կան, որոնք մի քանի տասնյակ միլիոն դրամի հարկեր են մուծում, սակայն խոշորագույնների ցանկում չեն։

Ի դեպ, վերջերս հրապարակում եղավ, թե Գագիկ Ծառուկյանն ավելի քիչ հարկ է վճարում, քան Օրիֆլեյմը։ Դա մանիպուլյացիա է։ Որովհետև միայն վերը նշված 16 ընկերությունները միասին 2014 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 12.3 միլիարդ դրամի հարկեր։ Մոտավոր հաշվարկներով` շուրջ 800-900 միլիոն դրամի հարկեր էլ վճարել են հարկատուների ցանկում տեղ չգտածները (օրինակ` Մուլտի Գրուպ Սթոունը, Մուլտի Ռեսթ Հաուզը, և այլն)։ Ստացվում է` Գագիկ Ծառուկյանը 2014 թվականին բյուջեն համալրել է ավելի քան 13 միլիարդ դրամով։ Սա շատ լուրջ թիվ է Հայաստանի համար։ Ու նաև աշխատելու լայն ֆրոնտ` ստուգումներ իրականացնելու առումով։
Մի խոսքով, այսպես ասած, ռիսկային խմբում են առաջին հերթին` ցանկում նշված ընկերությունները` սկսած Օնիրա Քլաբ ժամանցային կենտրոնից։

Carukyan-harker

Իր երեկվա ելույթում Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով այս թեմային` ասել է. «Իր (Սերժ Սարգսյանի.- Բ.Թ.) պաշտոնավարման բոլոր տարիներին, ամիսներ շարունակ ստուգվել են իմ և իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները»: Չնայած սրան` մի քանի տասնյակ ընկերությունների ստուգման պարագայում դժվար է բացառել, որ կհայտնաբերվեն խախտումներ։ Շատերի կարծիքով` միգուցե Ծառուկյանը լավ քաղաքական գործիչ չէ, սակայն ակնհայտորեն լավ բիզնեսմեն է։ Նպատակ ունենալով իշխանության հետ առճակատման գնալ, նա հաստատ հաշվարկած պետք է լիներ, որ իր ունեցվածքն ու բիզնեսները խոշորացույցով ուսումնասիրվելու են։ Ու պետք է պատրաստվեր դրան` մաքրեր թղթապանակները։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս եկավ 2012-ին։ Սա նշանակում է, որ շատ մեծ հավանականությամբ` Ծառուկյանի բիզնեսն աշխատում է հնարավորինս մաքուր` ստվերից դուրս։ Իսկ եթե ավելի հետ գնան, մինչև 1990-ականների վերջ, ապա դա ազնիվ չի լինի, որովհետև նման մոտեցմամբ պետք է պատասխանատվության ենթարկվի հայաստանյան գործարարների 90%-ը։

Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը ֆինանսական անկեղծության առումով առանձնանում է Հայաստանի մյուս մեծահարուստներից։ Հիշեցնենք, որ 2013 թվականի տվյալներով` Ծառուկյանն իր կնոջ հետ միասին հայտարարագրել էր ավելի քան 130 միլիոն դոլարի դրամական միջոցներ (տարբեր արժույթներով)։ Ի տարբերություն մյուսների` նա չի ասում` բիզնեսն իմը չէ կամ զոքանչինս է։ Նա հայտարարագրել էր նաև իրեն պատկանող ընկերությունները, անշարժ ու շարժական գույքը, անգամ` կահույքն ու պերճանքի առարկաները։ Հավատացեք, որ ոչ մի օլիգարխ այդքան հագեցած հայտարարագիր չունի։ Այսինքն, Ծառուկյանը վերջին տարիներին փորձել է ի ցույց դնել իր ունեցածը, որ հետո այն հանկարծակի «չհայտնաբերեն» ու որակեն` որպես անօրինական եկամուտ։ Կարճ ասած` հնարավորինս ապահովագրել է իրեն։
Սակայն հիշենք նաև Խաչատուր Սուքիասյանին։

Վերջինս նույնպես համարվում է Հայաստանի ամենահաջողակ ու գրագետ գործարարներից մեկը։ Ու երբ 2007-ի վերջին միացավ Լևոն Տեր-Պետրոսյանին, քչերն էին կարծում, որ Հարկայինին կհաջողվի նրա վրա «չեպե» գտնել։ Բայց գտան։ Թե որքանով էին հիմնավոր այդ «չեպե»-ները, այլ հարց է։ Փաստն այն է, որ Սուքիասյանների ընտանիքը զրկվեց «Բջնի»-ից։

Ամեն դեպքում, եթե անգամ ոչ մի խախտում էլ չհայտնաբերվի, հարկային ստուգումներով սպառնալու փաստն ինքնին արդեն խիստ բացասական երևույթ է։ Իսկ ավելի մեծ հաշվով, սա հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան վատ բան է քաղաքականության ու բիզնեսի սերտաճումը։ Հատկապես Հայաստանի նման երկրներում։ Նախկինում ևս գրել ենք, որ իրականում բիզնեսը (հատկապես` խոշոր բիզնեսը) ամենախոցելի խավն է։ Ընդ որում, որքան բիզնեսը ստվերային է, այնքան ավելի խոցելի է և կառավարելի։ Այսինքն` գործում է «որքան վատ` այնքան լավ» սկզբունքը։ Որքան բիզնեսն անօրինական լինի, այնքան կառավարելի կլինի դրա սեփականատերը։
 

Տեսանյութեր

Լրահոս