«Շառլի Էդբո»-ի դեմ ահաբեկչության հետևանքով Ֆրանսիան խստացրել է հսկողությունն իր սահմաններին` չփոխելով միգրացիոն քաղաքականությունը. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

««Շառլի Էդբո»-ի դեմ ահաբեկչության հետևանքով Ֆրանսիան խստացրել է հսկողությունն իր սահմաններին` չփոխելով միգրացիոն քաղաքականությունը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` անդրադառնալով «Շառլի Էդբո» խմբագրության վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, ողբերգական միջադեպի միջազգային արձագանքին և միգրացիոն քաղաքականությանը:

Նա նշեց, որ իր տված վերջին ասուլիսից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ Փարիզի ողբերգական ահաբեկչական գործողությունը «Շառլի Էբդո» երգիծական խմբագրատան դեմ, որը ահաբեկչությունների մի քանի այլ գործողությունների հանգեցրեց, առաջինը՝ Փարիզին մերձակա արվարձաններից մեկի մոտ` Մոն Ռուժում կրակահերթեր հնչեցին, հետո՝ Փարիզի շրջաններից մեկում` Պոր դը Վենսենում, կատարվեց պատանդների գրավում հրեական փոքրիկ սուպերմարկետում: Նրա կարծիքով` երեք այս իրադարձությունները փոխկապակցված են մեկը մյուսի հետ, որոնց հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասավ տասնվեցի, մահացան քաղաքացիական անձիք, լրագրողներ, ոստիկաններ: «Այդ սահմռկեցուցիչ բռնարարքների արդյունքում թիրախ ընտրված էր ոչ միայն Ֆրանսիան: Հուզական շոկը, որը պատուհասեց Ֆրանսիային անհամեմատ ծավալուն մասշտաբների հասավ: Շատ ֆրանսիացիներ զորակցություն հայտնեցին կատարվածին, հակազդեցությունը վերածվեց փողոցներում երթի, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Սա պարզապես միջոց էր զորակցությունը հայտնել հանուն խոսքի, արտահայտվելու և կարծիքի ազատության: Այդ միջոցառման ընթացքում Ֆրանսիային սատարեցին ամենատարբեր երկրների ղեկավար այրեր, որոնք հրավիրված էին հենց այդ նպատակով Ֆրանսիա մասնակցելու միջոցառմանը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ՀՀ-ն ներկայացված էր ՀՀ ԱԳ նախարարի մակարդկով և Ֆրանսիայի իշխանությունների հետ կողք կողքի շարքով ներկա գտնվեց այդ միջոցառմանը: Իմ երախտիքն եմ հայտնում ՀՀ ԱԳ նախարարին և ՀՀ-ում պաշտոնավարող արտերկրյա դիվանագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր չզլացան իրենց ցավակցությունները հայտնելու մեզ»,- ասաց դեսպանը: Վերջինիս խոսքով, այդ բռնարարքներրի երկու հեղինակների ինքնությունը պարզվեց և նրանք ոչնչացվեցին, սակայն խնդիրը չդադարեց գոյություն ունենալ:

Դեսպանի համոզմամբ` կրոնական հողի վրա տեղի ունեցող ահաբեկչությունների, ֆանատիզմի դրսևորման վտանգը դեռ կլինի Ֆրանսիայում և Ֆրանսիայի սահմաններից դուրս, որի պատճառներից մեկն այն է, որ Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել վճռականորեն հանդես գալ ահաբեկչության դեմ ծավալվող պայքարում: ««Շարլի Էբդոն» չլքվեց, մոռացության չմատնվեց, մենք մեր գոհունակությունը հայտնեցինք սրա առնչությամբ, կարևորվեց մամուլի ազատությունը: Ահաբեկչությունից հետո «Շարլի Էբդոյի» գործունեությունն ապացույց էր, որ պարբերականի լրագրողները, լրագրողների մի հոծ բանակ միանգամայն վճռականորեն որոշել է շարունակել իր գործունեությունը՝ նվիրված խոսքի ազատությանը: Դրա ուղերձը հետևյալն էր, որ լրագրողները չեն վախենալու: Սա շատ ծանրակշիռ ու բազմանշանակ իմաստ ունեցող ուղերձ էր լրագրողների կողմից»,- ասաց դեսպանը:

Ըստ նրա` կատարվածը ֆրանսիական իշխանությունները միգրացիոն քաղաքականության հետ չեն կապում: Սակայն, նրա գնահատմամբ, դա բարդ հարց է: « Կա արդեն իսկ միտում՝ սահմաններին անհամեմատ ավելի խստացված, աչալուրջ մոտեցում է ցուցաբերում ֆրանսիական կողմը այն միգրանտների նկատմամբ, որոնք ոչ այնքան լավ մտադրություններով են ցանկանում հայտնվել Ֆրանսիայում»,- ասաց դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս