Մանվել Սարգսյան. «Մինսկի խումբը դերաբաշխում իրականացրեց` ճանաչելով ԼՂ հակամարտությունում Հայաստանի պատժիչ դերը»
168.am-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը:
– Պարոն Սարգսյան, շարունակվում է լարվածությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ արեց Ադրբեջանին՝ կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները, Հայաստանին` միջոցներ ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Տպավորություն է ստեղծվում, որ ՄԽ-ն, որը քննադատվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու համար, փոխեց իր քաղաքականությունը: Դուք ինչպե՞ս եք գնահատում Մամեդյարով-ՄԽ համանախագահներ հանդիպմանը հաջորդած հայտարարությունը:
– Իմ գնահատմամբ` հայտարարությունը հետաքրքիր երանգներ ուներ: ԵԱՀԿ ՄԽ մոտեցման փոփոխություն նկատեցի: Տարածված հայտարարությունում հետաքրքրական ասիմետրիկ գնահատականներ և առաջարկներ եղան: Միանշանակ կարող եմ ասել, որ այդ հավասարակշռությունը խախտվեց: ՄԽ համանախագահներն Ադրբեջանին հիշեցրին և պարտավորեցրին, որ նա կատարի իր ստանձնած պարտավորությունները` Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Սա շատ հստակ էր ամրագրված հայտարարությունում: Շատ ավելի հետաքրքիր էր այն կոչն ու առաջարկը, որն ուղղված էր Հայաստանին՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը մեղմացնելու համար:
Սա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ Հայաստանը միջոցառումներ պետք է իրականացնի, որ լարվածություն չլինի, իսկ Ադրբեջանը պետք է զսպվածություն ցուցաբերի: Շատ հետաքրքիր, քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն էր, կարելի է ասել, որ դերաբաշխում տեղի ունեցավ, և ՄԽ համանախագահներն այլ մոտեցում ցուցաբերեցին ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակին: Թե կոնկրետ դա ինչ է նշանակում, ինչպես են կողմերը սա ընկալել, իրենք` իրավասու պետական մարմինները, պետք է պարզաբանեն:
– Դուք ինչո՞վ եք բացատրում ՄԽ հռետորաբանության փոփոխությունը` ՄԽ-ին ուղղված մեղադրանքներո՞վ, թե՞ Ադրբեջան-Արևմուտք հարաբերություններում առաջացած խնդիրներով:
– Ամեն ինչ կախված է գործընթացից, իսկ գործընթացում մոտեցումների փոփոխությունները պայմանավորված են շատ ավելի լայն խնդիրներով: Իհարկե, Ադրբեջանի պահվածքը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ, շարունակաբար զինվելը մեծ մասշտաբով, պահվածքը շփման գծում, Ադրբեջանի ներքին խնդիրները, որոնք միջազգային երանգ են ստացել, ընդհանուր գործընթաց է:
Մեզ համար կարևոր է, որ այն իրավիճակը, որը տարածաշրջանում ստեղծվել է օգոստոսից մինչև հիմա, և այն, որ Հայաստանը փաստորեն որդեգրեց պատժիչ քաղաքականություն, ճանաչվեց միջազգային հանրության կողմից, ճանաչվեց այդ դերը: ՄԽ-ն, իմ կարծիքով, բացահայտ հասկացնում է, որ սա է միակ ձևը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Միջազգային հանրությունը ճանաչեց Ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի պատժիչ դերը:
– Այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խումբը դեմ չէ, որ Հայաստանն Ադրբեջանի ագրեսիային պատասխանի ավելի մեծ թափով և լռեցնի:
– Այլ կերպ ինչպե՞ս հասկանալ: Ի՞նչ է նշանակում՝ ձեռնարկել միջոցներ, եթե Հայաստանը կես տարի պատժիչ միջոցներ էր ձեռնարկում Ադրբեջանին զսպելու համար: Եթե իրենք այլ միջոցներ են առաջարկել, այդ մասին պետք է խոսեն մեր պատկան մարմինները` ՊՆ-ն, իշխանությունը, պարզաբանեն, թե ինչ այլ միջոցների մասին է խոսքը, որոնք ՄԽ-ն է առաջարկում կիրառել:
– Ըստ Ձեզ` այս փոխված հռետորաբանությունը կարո՞ղ է դրականորեն անդրադառնալ շփման գծում իրավիճակի մեղմացման վրա:
– Ադրբեջանը երբևէ չի փոխի իր դիրքորոշումը: Պետք է վարվող քաղաքականությանը նայել: Երկու տարվա ընթացքում ականատեսն ենք Ադրբեջանի հետևյալ քաղաքականությանը. ամեն ինչ անում են Ռուսաստանից մեծ ծավալներով զենք ստանալու համար, Թուրքիայի հետ ինչ-ինչ գործարքների են պատրաստ գնալ՝ ընդդեմ Հայաստանի: Այդ գիծը, իմ կարծիքով, կպահի Ադրբեջանը, ուստի խոսելը տվյալ պահին մեծ նշանակություն չունի: Այս ողջ գործընթացում ՄԽ արտահայտած դիրքորոշումն էլեմենտ է, այս հարցին այս դիտանկյունից պետք է նայել: Չպետք է ասել, թե ՄԽ-ն արդյունավետ չէ, և այլն, միգուցե սա է արդյունավետությունը: Մենք փորձում ենք դնել հարցը հետևյալ կերպ, թե պետք է լուծվի հակամարտությունը, և վերջ: Սակայն սա քաղաքական գործընթաց է, որին պետք է հետևենք և մեր շահերը պաշտպանենք: