Իրավաբան. Պերմյակովի գործը իրավաբանության հետ որևէ աղերս չունի. «Ազատություն»

Հայկական կողմը դեռ որոշում չի կայացրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի խափանման միջոցը ընտրելու հարցը:

«Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ արդեն լրացել է Պերմյակովի ձերբակալման 72 ժամը և Հայաստանի քննչական կոմիտեն առայժմ միայն որոշում է կայացրել՝ երկու կամ ավելի անձանց սպանության գործով Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

«Ազատության» հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որը վարույթ իրականացնող մարմինը երեկ Գյումրիում իրականացրել է դատավարական մի շարք գործողություններ, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել՝ քննության առանձնահատկություններից ելնելով:

«Գյումրիում իրականացվել են դատավարական մի շարք գործողություններ, որոնց մասին այս պահին հրապարակել չենք կարող: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ավելի ուշ քննության ընթացքի մասին կտրամադրվի տեղեկատվություն», – ասաց Տռուզյանը:

Փաստորեն, բաց է այն հարցը, թե 72 ժամը լրանալուց հետո հայկական կողմը մեղադրանք առաջադրել է, թե՞ ոչ, կայացվե՞լ է, արդյոք, կալանավորելու որոշում, և եթե այդ որոշումը կայացվի, Հայաստանի դատավորն է մտնելու ռուսական ռազմաբազայի տարածք, թե՞ Պերմյակովն է կանգնելու Հայաստանի արդարադատության առջև:

«Ազատության» հետ զրույցում քրեական գործերում ներգրավված մի շարք փաստաբաններ ստեղծված իրավիճակը բացատրեցին նրանով, որ հայ իրավապահները փաստացի զրկված են Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հնարավորությունից:

Ստացվում է, որ սա բացառապես ռուս իրավապահների որոշելիք հարցն է, քանի որ ըստ իրավաբանների՝ Պերմյակովը գտնվում է ռուսների հսկողության տակ և նրա վրա կիրառվում են Ռուսաստանի օրենքները:

Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով, այս գործընթացը իրավական անհեթեթություն է և իրավաբանության հետ որևէ աղերս չունի:

«Այսինքն, այդ 72 ժամը չի տարածվում այս քրեական գործի վրա, որը հարուցված է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների կողմից: Իհարկե այստեղ լուրջ խնդիր է առաջանում՝ արդյո՞ք պետք է անձի նկատմամբ ընտրվի խափանման միջոց, թե՝ ոչ: Ընդհանուր գործընթացը ոչ իրավաչափ է ընթանում, ուստի, փնտրել այս գործընթացում, թե իրավաբանորեն ինչպես է հնարավոր անել, ուղղակի անիմաստ է», – ասաց Սահակյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս