«Ռուսական կողմից ավելի քիչ գոռոզություն պետք է լինի». Մարկեդոնովն անդրադարձել է Գյումրիի ողբերգությանը
«Ողբերգությունը սահմռկեցուցիչ է, իսկ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների մահը ցնցում է մինչև հոգու խորքը»,- ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովն իր ֆեյսբուքյան էջում այսպես է անդրադարձել Գյումրիի ողբերգությանը: Նա նախ՝ ցավակցություն է հայտնել ոչ միայն զոհերի հարազատներին, բարեկամներին, այլև ողջ հայ ազգին, ապա վերլուծել կատարվածը: Մարկեդոնովը նշել է, թե քանի որ ողբերգությունը կապված է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողի հետ, գործը վերածվել է քաղաքական հարցի: Նա մի քանի հանգամանք է կարևորել: Մարկեդոնովի համոզմամբ` պետք չէ թերագնահատել Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվությունը և այն համարել Պետդեպի ու ԿՀՎ-ի կողմից մտացածին երևույթ:
Ըստ նրա` եթե տեղի ունեցածը լռության մատնվի, ապա կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն խորացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջացած սպին և խաղալ այս ողբերգության վրա՝ սեփական նպատակներով: «Դա թույլ չտալու համար պետք է լինի ինչ-որ արձագանք, հարկավոր է հայկական կողմին հրավիրել ոչ թե ձևական, այլ իրական նախաքննության, հանցագործի համար իրական պատժի` հրապարակային դատի հիման վրա: Չեմ կարծում, թե Լինչի դատաստանը լավագույն ելքն է: Երկրորդ` դժվար է, սակայն հարկավոր է հանդարտեցնել հույզերը և քաղաքական կրքերը»,- գրել է Մարկեդոնովը: Վերջինս կարևորել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի նշանակությունը ոչ միայն Ռուսաստանի,այլև Հայաստանի համար:
«Դա չեն փոխարինի բարի եվրոպացիները»,- նշել է նա: Իր գրառման մեջ ռուսաստանցի վերլուծաբանն անդրադարձել է նաև իր երկրին և իր համար նախընտրելի հռետորաբանությանը: Նրա որակմամբ` ավելի պակաս գոռոզություն է պետք ցուցաբերել: Նրա որակմամբ` դժվար գլուխկոտրուկ պետք է լուծեն Երևանն ու Մոսկվան: Առանց դրա լուծման, նրա կարծիքով, կլինեն լուրջ խնդիրներ: