Վահե Հովհաննիսյան. «Պետք է հաղթի երրորդ տարբերակը՝ բանականությունը»
Հարցազրույց ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ
– Պարոն Հովհաննիսյան, կարո՞ղ ենք համարել, որ նոր քաղաքական սեզոնն արդեն սկսվել է:
– Կարող ենք ասել, որ սկսվել է նոր տարին, և Հայաստանն այդ նոր տարին մտել է իր բոլոր չլուծված խնդիրներով, որոնց տարվա վերջում գումարվեցին նորերը, և, կարծում եմ, առաջիկայում դեռ կլինեն նոր մարտահրավերներ: Հայաստանն իսկապես մտել է բացասական սպասումների, նոր դժվարությունների և անորոշությունների մի փուլ: Եվ ժողովրդի, հասարակության հետ այս խնդիրների շուրջ, կարծես թե, ոչ ոք չի խոսում: Սա կամ ասելիքի, լուծումների բացակայության, կամ անտարբերության մասին է վկայում:
Բարդագույն խնդիրների փուլ է սա` երեք հիմնական ուղղություններով` տարածաշրջանային խնդիրներ, տնտեսական խնդիրներ, ներքաղաքական խնդիրներ: Սրանցից յուրաքանչյուրը կարող է ճակատագրական լինել մեր պետության համար: Այս խնդիրները նաև փոխկապակցված են: Սրանց դիմակայելու համար իսկապես պետք է ունենալ նոր որակի իշխանություն և նոր որակի ազգային կոնսոլիդացիա: Այսօրվա իշխող էլիտան՝ իր որակներով և բարքերով, համարժեք չէ Հայաստանի առաջ կանգած խնդիրներին և չի կարողանալու լուծել դրանք:
– Այնուհանդերձ, սպասելի են ներքաղաքական որոշակի զարգացումներ, սրացումներ: Ըստ Ձեզ, ո՞ր գաղափարները, ո՞ր տեսակետները պետք է իշխեն հաջողության համար:
– Իմ խորին համոզմամբ` ցանկացած քաղաքական զարգացումներում, ցանկացած քայլի հիմքում պետք է լինի պատասխանատվության զգացումը: Սա հավասարաչափ վերաբերում է և՛ իշխանություններին, և՛ ընդդիմությանը: Ինձ համար նույնքան մերժելի և անընդունելի է ինչպես՝ իշխանության անպատասխանատվությունը, այնպես էլ՝ ոչ իշխանական ուժերի: Խնդիրը մեկն է` պատասխանատվություն պետության ապագայի հանդեպ: Ես կցանկանայի, որ հունվարի 20-ին կայանալիք՝ ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում բարձրացվող հարցերը քննարկվեին հենց այս տեսանկյունից: Հատկապես, որ, որքան ես եմ տեղյակ, այդ խորհրդաժողովն ունենալու է մասնակիցների պատկառելի ներկայացվածություն:
– Կա գործող իշխանություն, կա ոչ իշխանական ուժերի համախմբում, կամ համազգային շարժում, ինչպես կուզեք, մի խոսքով՝ ձևավորված է որոշակի ներքաղաքական ստատուս-քվո: Իսկ ի՞նչ է լինելու առաջիկայում, ի՞նչ զարգացումներ են լինելու:
– Մի քանի բան ակնհայտ է: Առաջին` իշխանությունը՝ այս տեսքով, հանրային վստահության այս ռեսուրսներով, ի վիճակի չի լուծելու կարևոր որևէ խնդիր: Իշխանությունն այս տեսքով չունի վերարտադրվելու որևէ իրական տարբերակ:
Ոչ իխանական ուժերի բևեռում կա զգալի կոնսոլիդացիա: Շատ-շատերն ընդամենը ամիսներ առաջ դրան չէին հավատում և առաջարկում էին այլ քայլեր: Բայց այսօր սա այն ռեսուրսն է, որը հանրային գիտակցության մեջ դառնում է իրական այլընտրանք: Սրա շնորհիվ է, որ ստեղծվել է ձեր նշած ներքաղաքական ստատուս-քվոն:
Դառնանք առաջիկա քայլերին: Մի բան միանշանակ է` ձևավորվել է դիրքային պայքարի փուլ, որտեղ ամենակարևոր գործոններն են առողջ մտածողությունը և պատասխանատվության զգացումը պետության ճակատագրի հանդեպ: Ով առաջինը կատարեց սխալ քայլ, կրելու է պարտություն: Եվ, ի դեպ, շատ հստակ երևում են այն սխալ քայլերի հնարավոր տարբերակները, որոնք կարող են թույլ տալ թե՛ իշխանությունները, թե՛ ոչ իշխանական ուժերը:
Կա մի չափազանց կարևոր գործոն, որը ես ուզում եմ ընդգծել՝ նախքան կշարունակեմ միտքս. եթե ստեղծված ստատուս-քվոյի, դիրքային պայքարի՝ այս ոչ հեշտ փուլում իշխանությունը և ոչ իշխանական ճամբարը կարողանան բացառել անիմաստ ատելության և թշնամանքի պահը, և քաղաքական պայքարը գնա ոչ թե՝ ընդդեմ, այլ՝ հանուն բանաձևով, ապա կգտնվեն ներքաղաքական լարվածությունը հանգուցալուծելու, ընտրությունների միջոցով նոր որակի իշխանություն ձևավորելու ընդունելի տարբերակները: Ե՛վ մեր պետությունը, և՛ հասարակությունը շահած դուրս կգան: Հակառակ պարագայում քաղաքական բեմահարթակում՝ երկու կողմերում էլ, կհայտնվեն, կիշխեն և որոշումներ կայացնող կդառնան լրիվ ուրիշ մարդիկ, ուրիշ տեսակներ և խմբեր, որտեղ ես, դուք և մեզ նմանները որևէ անելիք չենք ունենա:
Շատ կարևոր է թույլ չտալ, որ հասարակության մեջ թափ առնող սոցիալական ագրեսիան ուղղվի պետության կամ անձերի դեմ: Առաջինի դեպքում մենք ուղղակի առանց հասկանալու կհարվածենք երկրի ազգային անվտանգությանը, երկրորդի դեպքում կմտնենք ներքին թշնամանքի ու ներքին ատելության կործանարար հորձանուտը: Այս հարցում կարևոր է իշխանությունների վարքագիծը` չանցնել որոշակի սահմանների վրայով, չխախտել որոշակի չգրված օրենքներ: Եթե երկու կողմերում էլ դոմինանտ դառնա զսպվածության և պատասխանատվության գիտակցումը, ապա բազմաթիվ անցանկալի զարգացումներից հնարավոր կլինի խուսափել:
Մեր երկրին պետք են էական փոփոխություններ: Մթնոլորտի փոփոխություն, տնտեսական քաղաքականության, անհատի ազատ գործելու և զարգանալու հնարավորություններ, ազատ մտածելու և Հայաստանում ազատ գործելու, ինքնադրսևորման հնարավորություն: Այս ամենը պետք է արվի արագ, որ երկիրը սկսի զարգանալ:
Երբ վերլուծում ենք տասնամյակների, հարյուրամյակների վաղեմության պատմական իրադարձությունները , գրեթե միշտ նույն խնդրին ենք հանգում` լիներ ավելի մեծ պատասխանատվություն երկրի հանդեպ, ժողովրդի հանդեպ, հնարավոր կլիներ խուսափել այս կամ այն պատմական ողբերգությունից, այս կամ այն անդառնալի կորստից: Ես չեմ ուզում, որ այսօրվա ժամանակահատվածը տասնամյակներ հետո վերլուծվի այդ նույն տեսանկյունից: Միանշանակ է, որ այսօրվա Հայաստանի կառավարումը, պետական էֆեկտիվությունը, քաղաքական միտքը համարժեք չեն Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին: Ադրբեջանը զինվում է գերժամանակակից զինատեսակներով, Ռուսաստանը Թուրքիայի հետ ստրատեգիական համաձայնությունների է գալիս, Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցության, Ադրբեջանը հսկայական գումարներով միջազգային հանրության կարծիք է գնում՝ այն դարձնելով ոչ հայանպաստ: Մեր երկրի տնտեսությունը պարզապես քանդվել է: Մարդիկ ամբողջական գյուղերով, շենքերով են արտագաղթում: Մեր երկրում ներդրումներ չկան: Չի կառուցվում, չի ստեղծվում: Ի՞նչ ենք մենք այս մարտահրավերներին հակադրում: Ես չեմ տեսնում ոչ մի հստակ, ռացիոնալ ծրագիր:
– Մենք չունե՞նք անհրաժեշտ որակի գործիչներ, կադրեր, որոնք ի վիճակի են մշակել և իրականացնել ծրագրեր, փոխել վիճակը:
– Ամենևի՛ն ոչ: Մենք ունենք լուրջ պրոֆեսիոնալներ, պարկեշտ մարդիկ և՛ իշխանության մեջ, և՛ ոչ իշխանական ճամբարում: Լրջագույն մարդկային ռեսուրս կա ապակուսակցական, մասնագիտական, հասարակական շրջանակներում: Խնդիրը հետևյալն է` ինչո՞ւ չի ստացվում ունենալ այնպիսի պետական համակարգ, որ այս ռեսուրսները ներգրավվեն երկրի կառավարման մեջ, օգտագործվեն որպես շարժիչ՝ պետության զարգացման համար:
Խնդիրն այն է, որ չի ստեղծվել ներգրավելու ոչ մի մեխանիզմ: Երկրում առկա միակուսակցական համակարգը, որոշումների` փակ պայմաններում, մեկ կամ մի քանի հոգով կայացնելու մեխանիզմը փակում է բոլոր հնարավորությունները, որպեսզի ունակ և կարող մարդիկ մասնակցեն առաջարկների ձևավորման և որոշումների կայացման գործընթացին: Քաղաքական և փորձագիտական միտքը Հայաստանում անապատացել է: Ես սա հանգիստ չեմ ասում, սա որպես ահազանգ ընդունենք:
– Վերադառնանք ներքաղաքական վիճակին` ուժերի հարաբերակցությանը. զարգացման ո՞ր սցենարն է Ձեզ ավելի հավանական թվում:
– Կան շատ սցենարներ, որոնք, սակայն, տեղավորվում են երկու ձևակերպման մեջ` երկրի համար լավ, և երկրի համար վատ: Եթե ոչինչ չի փոխվում, և պահպանվում է միակուսակցական, մենաշնորհային այս համակարգը` նույն վերնախավով, ապա Հայաստանն ունենալու է ծանր կորուստներ, շատ մշուշոտ ապագա: Նույնքան անցանկալի զարգացում է սուր առճակատումը, որը բերելու է ցնցումների, մայդանների, ներքին թշնամանքի: Սա լավ լուծում չէ, բայց շատ կարևոր է հասկանալ, որ իշխանությունը ոչ ադեկվատ վարքագծով, սխալ քայլերով իրոք կարող է ինքը գեներացնել նման զարգացումը: Եվ վերջապես, կա երրորդ տարբերակը` հաղթում է բանականությունը՝ թե՛ իշխանության ներսում, թե՛ ոչ իշխանական ճամբարում:
– «Բանականության հաղթանակ» ձևակերպումը լավ է հնչում, իսկ ո՞րն է դրա կիրառական մեխանիզմը:
– Գիտեք, ես արդեն ասացի, որ լուրջ մարդիկ կան և՛ իշխանության մեջ, և՛ ոչ իշխանական համակարգում: Հիմա ժամանակն է, որ այդ մարդիկ իրենց տեսակետներն ավելի բարձր ասեն ու տուրք չտան լռելու, հարմարվելու գայթակղիչ տրենդին:
Իշխանությունը պետք է հրաժարվի ամեն գնով երկրի կառավարման մոդելը փոխելու՝ սահմանադրական հանրաքվեի գաղափարից: Պետք է, ի վերջո, ընդունել, որ հասարակական համերաշխության բացակայության և տնտեսական, սոցիալական պայթյունավտանգ մթնոլորտի պայմաններում նման հանրաքվեի գնալը վտանգավոր է, դա դառնալու է բացարձակ անկանխատեսելի պրոցես: Պետք է արագ փոխզիջումային փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսգրքում: Իշխանությունը պետք սկսի կատարել հայտնի 12 կետերի այն դրույթները, որոնք ժամանակ չեն պահանջում, իսկ մնացած կետերով նշի ողջամիտ ժամկետներ կամ տարբերակներ: Պետք է իշխանությունը վերջապես սկսի խոսել հասարակության հետ և ոչ թե՝ ապրի այլ իրականության մեջ: 12 կետերի կատարման գործընթացը հենց այդ` իշխանություն-հասարակություն երկխոսության սկիզբը կարող է լինել: Թող իշխանությունը, օրինակ, հրաժարվի կարմիր գծերի միջոցով փող աշխատելուց` հանուն ներհասարակական երկխոսության:
Պետք է հրապարակային պայմանավորվել արդար խաղի կանոնների, պայմանավորվածությունների վերահսկման եղանակների վերաբերյալ ու գնալ խորհրդարանական ընտրությունների: Սա հնարավորություն կտա ունենալ հասարակական տրամադրություններին համապատասխան նոր քաղաքական էլիտա, սա հնարավորություն կտա ձևավորել հավասարակշռված կառավարություն, որը կունենա ավելի անկախ ու ազատ գործելու մանդատ: Եվ, վերջապես, սա հնարավորություն կտա խուսափել ներհասարակական անկառավարելի լարվածությունից ու խոշոր ցնցումներից: