«Այնպիսի տպավորություն է, թե զինվորի անհետացման մասին ռազմաբազայում իմացել են լուրերից»
Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին 168.am-ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց վերլուծաբան, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:
«Գյումրիի ողբերգության մասին խոսելու և ճիշտ ենթադրություններ անելու համար պետք է սպասել հետաքննության արդյունքներին, բայց հիմա արդեն պարզ է, որ մենք գործ ունենք ոչ թե «ճղճիմ մի չարիքի» հետ, որին առնչվեց Հաննա Արենդտը՝ նացիստ Ադոլֆ Էյխմանի դատավարությունը լուսաբանելիս: Էյխմանի մոտ չարագործությունը «պարտքի հանձնարարությունների», և հրամանների կատարման միջոցով արդարացնելու անհրաժեշտություն կար: Պերմյակովը հայտնի «Լարված նարինջ» ֆիլմում արտահայտված պսիխոպատիայի և անիմաստ բռնության սահմաններից էլ դուրս գտնվող մի չարիք է:
Խոցված է հայ ժողովրդի ամենացավոտ նյարդը: Եթե համատեղ հետաքննությունը, ինչպես նշված է համապատասխան համաձայնագրում, լիարժեք արդյունք չտա, ապա վերքը երկար ժամանակ չի սպիանալու, իսկ դա հայ-ռուսական հարաբերությունների համար հղի է լուրջ հետևանքներով: Երկու կողմերը՝ և՛ հայկական և՛ ռուսական, պետք է շահագրգռված լինեն, որ ոչ միայն հիմնական կասկածյալը, այլ նաև նրա հրամանատարները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Արդարացի և ճշմարիտ կլինի, եթե Պերմյակովին դատեն Հայաստանում, քանի որ ծանր հանցանքը կատարվել է Հայաստանի տարածքում: Սա առաջին նմանատիպ դեպքը չէ կապված ռուսական զորամասերի զինծառայողների հետ, այդ պատճառով, այս խնդրի վերլուծությանը պետք է մոտենալ բարոյահոգեբանական բոլոր կողմերից՝ կադրերի ընտրության, անվտանգության և այլ տեսանկյուններից:
Զինվորը լքել է զինվորական պահակակետը՝ իր հետ ունենալով զենք, որն արդենիսկ լուրջ խնդրի նախանշան է: Այնպիսի տպավորություն է, թե զինվորի անհետացման մասին ռազմաբազայում իմացել են լուրերից. իսկ ի՞նչ ծանուցումներ են եղել, արդյո՞ք տեղական ինքնակառվարման մարմիններին հայտնել են զինված զինվորի փախուստի մասին. այս հարցերի պատասխանները կարելի է ստանալ միայն համատեղ ու թափանցիկ հետաքննության արդյունքում: Նման ու այլ հարցեր անպատասխան թողնելով՝ ոչ միայն հնարավոր չէ այս ողբերգությունից դաս քաղել, այլև հնարավոր չէ առհասարակ նման դեպքերի հետագա կրկնությունը կանխել և ապահովել ժողովրդի անվտանգությունը»: