Բաժիններ՝

Ուկրաինան բավական անելիքներ ունի, նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը. Սթոլթենբերգ

Նորվեգական NRK հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մոտ ժամանակներս սկսել գործընթաց՝ ուղղված ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը: Սթոլթենբերգն այդպես է մեկնաբանել Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից երկրի ոչ բլոկային կարգավիճակը չեղյալ հայտարարելը:

Սթոլթենբերգի խոսքերով՝ Ուկրաինան դեռ բավական անելիքներ ունի, նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց բարձրացնելը. «Երկրի ներկայիս ղեկավարությունն ինքն է հայտարարել պաշտպանական, կոռուպցիայի դեմ պայքարի ու պետական կառավարման ոլորտներում լուրջ բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, նախքան նրանք կարող են հայտ ներկայացնել անդամակցության մասին»:

Սթոլթենբերգը հրաժարվել է կանխատեսել, թե որքան երկար կտևի բարեփոխումների գործընթացը՝ ընդգծելով միայն այն, որ հենց ուկրաինացիների գնահատականների համաձայն՝ դա կպահանջի առնվազն 6 տարի, նախքան երկիրը հայտ կներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Սթոլթենբերգին չի վախեցնում, որ Գերագույն ռադայի որոշումը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների վատթարացմանը: Նրա կարծիքով՝ միայն Ուկրաինայի ժողովուրդն է իրավասու լուծել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն բավական լրջորեն է մոտենում նոր անդամներ ընդունելու հարցին, քանի որ դաշինքին անդամակցած երկրի անվտանգության կազմակերպումն իրականացվում է «մեկը բոլորի և բոլոր մեկի համար» բազային սկզբունքի հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս