Աղվան Հովսեփյան. «Այսօր քննչական մարմինների աշխատանքում կան մի շարք թերություններ և բացթողումներ»
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփայանն այսօր մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը ողջ պետական համակարգի, յուրաքանչյուր պետական պաշտոնյայի, տեղական ինքնակառավարման մարմնի գործն է: «Այս առումով քննչական մարմինները հատուկ դերակատարում ունեն, որովհետև քննչական գործողություններով քրեական գործի քննության, նախաքննության ընթացքում է, որ վերականգնվում են մարդկանց բազում ոտնահարված իրավունքներ՝ կապված գույքային իրավունքների, կյանքի իրավունքի, առողջության և բազմում այլ ոտնահարված իրավունքների հետ:
Եվ հատկապես քննչական մարմիններում նախաքննության ընթացքում է, որ սահմանափակվում կամ դադարեցվում են մարդու սահմանադրական իրավունքները՝ խափանման միջոցի կիրառմամբ, գաղտնալսումներ իրականացնելով, փոստ-հեռագրային առաքումների վրա կալանք դնելու, բնակարանի խուզարկությամբ և այլն: Հատկապես այդ քննչական գործողությունների ընթացքում է, որ պետք է խստագույնս պահպանվեն մարդու իրավունքները, հատկապես սահմանադրական իրավունքները»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Նա նշեց, որ մինչդատական վարույթում մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգման երաշպիքներից մեկը քննիչների անկախության և ինքնուրույնության ապահովումն է. այս առումով նա կարևորեց քննչական կոմիտեի ձևավորումը:
«Այսօր քննչական մարմինների աշխատանքում կան մի շարք թերություններ և բացթողումներ, որոնք անմիջականորեն կապված են մարդու իրավունքների խախտման հետ, այդ թվում նաև դատավարական ժամկետների, դատավարական կոնկրետ նորմերի խախտումներ թե նախաքննության լրիվության ու բազմակողմանիության ապահովման վերաբերյալ օրենքի պահանջի անտեսման, և ընդհանրապես մարդու արդար դատաքննության իրավունքի խախտման հետ կապված: Դրանց վերացումը համարում եմ քննչական կոմիտեի համար առանջնահերթ խնդիր»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Նա վկայակոչեց ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, որի համաձայն՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, և ձերբակալված, կալանավորված, ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք.
«Այս տեսակետից անթույլատրելի եմ համարում նախաքննության ընթացքում որևէ խորթ մեթոդներով ցուցմունքներ կորզելը և այլն, ինչը մեր պրակտիկայից ի սպառ պետք է վերացվի»,- ասաց Աղվան Հովսեփյանը: Նրա խոսքով՝ ինքը հրաման է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ ուսումնասիրելու համար Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված դիմումները:
Աղվան Հովսեփյանն ասաց նաև, որ նախաքննության ընթացքում մարդու իրավունքների և ազատությունների պահպանման բարձռր մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ է նախ և առաջ նախապայմաններ ստեղծել: