ՌԴ-ի ներկայիս վարչակարգն իր գոյությունը կդադարեցնի առաջիկա 10 տարում. Խոդորկովսկի
Շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ ռուսական «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերստին վերադարձ կատարելով պետության ղեկավարի պաշտոնին, իրեն զրկեց իրադարձությունների լավ ելքից.
«Կարծում եմ, որ ռուսական ներկայիս վարչակարգն իր գոյությունը կդադարեցնի մոտակա 10 տարվա ընթացքում, ինչի հավանականությունը գնահատում եմ 50 տոկոս: Այդ ժամանակ կարող եմ վերադառնալ տուն: Սակայն ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է իշխանափոխություն իրականացվել ժողովրդավարական, մեղմ եղանակով»:
Խոդորկովսկին Ռուսաստանի համար բացառել է իսպանական մոդելը, երբ թագավոր Խուան Կառլոսը բռնապետության ավարտից հետո կարող է հանդես գալ որպես ռեժիմի փոփոխության երաշխավոր.
«Ռուսաստանում չկա այդպիսի անձնավորություն: Պուտինն ինքն է իրեն զրկել իրադարձությունների լավ ավարտի հնարավորությունից, երբ նա որոշեց 2011 թվականին վերադառնալ իր (նախագահի) պաշտոնին:
Եթե Պուտինը որևէ մեկին նշանակի իր իրավահաջորդ, ապա նրանք բոլորն էլ հիշում են Մեդվեդևի ճակատագիրը և չեն հավատում, որ նոր նախագահը հիրավի կունենա իշխանություն: Պուտինն ինքն է իրեն կանգնեցրել փակուղու առջև: Նրա իրավահաջորդն երկրում իսկապես կարող է իշխանություն ստանալ, եթե միայն ոչնչացնի Պուտինին՝ ֆիզիկական կամ քաղաքական առումով»:
Սրա հետ մեկտեղ Խոդորկովսկին Ռուսաստանի նախագահի համար չի բացառել նաև այլ ելք. «Պուտինը պաշտոնավարելու է մինչև իր կյանքի ավարտ կամ էլ տեղի է ունենալու պալատական հեղաշրջում:
Սակայն ամենավատ տարբերակը կլինի այն, եթե իշխանության համար պայքարը դուրս գա փողոցներ: Վատ կլինի նաև այն, եթե Պուտինը հեռանա և դրա հետ մեկտեղ չլինի թիմ, որը կկարողանա զբաղվել երկրի կառավարմամբ»: