Freedom House-ը հրապարակել է «Համացանցի ազատություն – 2014» զեկույցը. Հայաստանում կա համացանցի ազատություն
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` Նյու Յորքում բազավորված Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ 4-րդ տարին անընդմեջ աշխարհում նկատվում է համացանցի ազատության ոլորտում տիրող իրավիճակի վատթարացում:
Այդ գործընթացը հատկապես նկատելի է Ռուսաստանում, Ուկրաինայում ու Թուրքիայում: Կազմակերպությունն այսօր հրապարակել է «Համացանցի ազատություն – 2014» զեկույցը, որում նշել է, որ համացանցի ազատությունն ամենաշատը խախտում են Սիրիայում, Իրանում ու Չինաստանում:
Փաստաթուղթն ընդգրկում է 2013 թվականի մայիսից մինչև 2014 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը: Դրանում 100 միավորանոց սանդղակով գնահատական է տրվել 65 երկրում համացանցի ու թվային մեդիայի ազատության մակարդակին:
0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ, 31-60 միավոր ստացած երկրներում համացանցի ազատությունը մասնակի է, իսկ 61-100 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ:
Ռուսաստանը ստացել է 60 միավոր, զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ վերջին 5 տարում Ռուսաստանում համացանցի ազատության մակարդակը նվազել է 11 կետով: 2012 թվականին նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրվելուց հետո Ռուսաստանի իշխանությունները, առանց դատական ընթացակարգի, արգելափակում են ընդդիմադիր բնույթի նյութերը:
Ռուսաստանում արգելափակվում են այն կայքերը, որոնք ճանաչվում են որպես «ծայրահեղական», կամ որոնցում կոչեր են պարունակվում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին: Իշխանությունները նաև միջոցներ են ձեռնարկում այն կայքերի դեմ, որոնք քննադատում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները:
Զեկույցի համաձայն` համացանցի ազատություն կա Վրաստանում` 26 միավոր, ու Հայաստանում` 28 միավոր (նախորդ տարվա զեկույցում Հայաստանը ստացել է 29 միավոր): Հայաստանի բնակչության թիվը նշված է 3 միլիոն մարդ, 2013 թվականի վերջի դրությամբ համացանցից օգտվում է 46 տոկոսը, մինչդեռ 2012 թվականին այն կազմել է 39 տոկոս:
Ուկրաինան ստացել է 33 միավոր, Ղրղզստանը` 34 միավոր Ադրբեջանը` 55 միավոր, իսկ Ղազախստանը` 60 միավոր: Համացանցի ազատություն չկա Իրանում` 89 միավոր, Ուզբեկստանում` 79 միավոր, Պակիստանում` 69 միավոր ու Բելառուսում` 62 միավոր: