Կթանկանա՞ն արդյոք դեղերն ու բժշկական ծառայությունները
Լրագրողներն այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին՝ արդյոք դեղերի գները կբարձրանա՞ն, թե՞ ոչ: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ ներկայումս գների փոփոխություն չկա, իսկ կանխատեսել, թե ինչ կարող է լինել, անշնորհակալ գործ կլինի:
«Ներկա պահին մենք մեր կողմից բանակցություններ ենք վարում դեղ ներմուծողների հետ, որ հնարավորինս զսպեն նման գնի փոփոխությունը՝ հիմնականում կապված էսենցիալ դեղորայքի հետ»,- ասաց նա:
Լրագրողների հաջորդ հարցին՝ արդյոք թանկացումների հետ կապված կբարձրանա՞ն նաև բժշկական ծառայությունների սակագները, որոնք սահմանում է առողջապահության նախարարությունը: «Համոզված կարող եմ ձեզ ասել, որ բժշկական ծառայություններն իրենցից ներկայացնում են սոցիալական ապրանք, և մշտապես գտնվում են հսկողության ներքո: Նրանց փոփոխությունները կարող են լինել միայն և միայն խիստ հիմնավորված: Նման հիմքեր առայժմ չկան»,- ի պատասխան ասաց Արմեն Մուրադյանը: