Transparency International-ը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2014» զեկույցը

Transparency International կազմակերպության պաշտոնական կայքի փոխանցմամբ` Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2014» իր 20-րդ հետազոտությունը:

Դրանում նշված է, որ կոռուպցիան բոլոր երկրների խնդիրն է, և ելնելով դրանից` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի տարածքում գործող ֆինանսական առաջատար կենտրոնները պարտավոր են փոխգործակցել արագ զարգացող երկրների հետ, որպեսզի թույլ չտան, որ կոռուպցիայով զբաղվողները մնան անպատիժ:

Transparency International-ի նախագահ Խոսե Ուգասը հայտարարել է, որ զեկույցը վկայում է այն մասին, որ տնտեսական զարգացումը դառնում է անհնար, իսկ կոռուպցիայի դեմ ջանքերը` անարդյունավետ, երբ առաջնորդներն ու բարձրաստիճան անձինք չարաշահում են իշխանությունը` պետական միջոցները ծառայեցնելով անձնական շահի համար.

«Կոռումպացված քաղաքական գործիչներն օֆշորային ընկերությունների շնորհիվ բացարձակապես անպատիժ ձևով անվտանգ վայրեր են դուրս բերում անազնիվ ճանապարհով ձեռք բերած ակտիվները:

Զեկույցի հետնապահ երկրները պետք է ձեռնարկեն հակակոռուպցիոն արմատական միջոցներ` հանուն իրենց ժողովուրդների բարօրության: Զեկույցի առաջատար երկրները պետք է հետևեն, որ կոռուպցիան չարտահանվի զարգացող երկրներ»:

Transparency International-ի կառավարիչ տնօրեն Կուբուս դե Սվարդտն իր հերթին հայտարարել է. «Մեզանից որևէ մեկը չի թռչի այն ինքնաթիռներով, որոնք չեն գրանցի ուղևորներին, սակայն մենք գաղտնի ընկերություններին թույլ ենք տալիս քողարկել իրենց ապօրինի գործունեությունը:

Բաց գրանցամատյանները, որոնցում կնշվեն ընկերությունների իրական սեփականատերերի անունները, կոռուպցիոն գործունեություն ծավալածներին կխանգարեն փախչել իշխանության չարաշահման շնորհիվ կուտակած հարստության հետ միասին»:

Transparency International-ի հրապարակած վարկանիշային աղյուսակի համաձայն` Չինաստանը (հնարավոր 100 միավորից ստացել է 36 միավոր, կիսում է 100-րդ հորիզոնականը), Թուրքիան (45 միավոր, 64-րդ տեղ) և Անգոլան (19 միավոր) հայտնվել են այն երկրների թվում, ուր գրանցվել են առավել բացասական փոփոխություններ. այդ երկրների ցուցանիշները նվազել են 4 կամ 5 միավորով` չնայած նրան, որ վերջին 4 տարում նրանց միջին տնտեսական աճը կազմել է ավելի քան 4 տոկոս:

Transparency International-ի զեկույցում տեղ գտած 175 երկրների ավելի քան 2/3-ը ստացել է 50-ից էլ պակաս միավոր: Զեկույցում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դանիան` հավաքելով 92 միավոր, իսկ հետնապահներն են` ԿԺԴՀ-ն ու Սոմալին, որոնք ստացել են ընդամենը 8-ական միավոր: Իրենց դիրքերն ամենաշատն ամրապնդել են Կոտ դԻվուարը, Եգիպտոսը, Սենտ Վինսենտ և Գրենադիները (+5 միավոր), Աֆղանստանը, Հորդանանը, Մալին ու Սվազիլենդը (+4 միավոր):

Առաջատար տասնյակում տեղ են զբաղեցրել նաև Նոր Զելանդիան (91 միավոր), Ֆինլանդիան (89 միավոր), Շվեդիան (87 միավոր), Նորվեգիան (86 միավոր), Շվեյցարիան (86 միավոր), Սինգապուրը` (84 միավոր), Նիդերլանդները (83 միավոր), Լյուքսեմբուրգը (82 միավոր), Կանադան (81 միավոր):

Գերմանիան 12-րդ տեղում է` 79 միավոր, Մեծ Բրիտանիան` 14-րդ տեղում` 78 միավոր, Ճապոնիան` 15-րդ տեղում` 76 միավոր, ԱՄՆ-ը` 17-րդ տեղում` 74 միավոր, Ֆրանսիան` 26-րդ տեղում` 69 միավոր, Իտալիան 69-րդ տեղում` 43 միավոր:

Հայաստանն իր 37 միավորով 94-րդ հորիզոնականը կիսում է Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի ու Պանամայի հետ: 2013 թվականին Հայաստանը ստացել էր 36 միավոր և 177 երկրների թվում զբաղեցրել էր 94-րդ հորիզոնականը, իսկ 2012 թվականին` 34 միավոր և 105-րդ տեղ:

Վրաստանը 52 միավորով զբաղեցրել է 50-րդ տեղը, 2013 թվականին նա ստացել է 49 միավոր, իսկ 2012 թվականին` 52 միավոր: Ռուսաստանը նահանջել է միանգամից 9 հորիզոնականով և նախորդ տարվա 127-րդ տեղից իջել է մինչև 136-րդ հորիզոնական` 28 միավոր: Այդպիսի ցուցանիշ ունեն նաև Իրանն ու Ղրղզստանը` 28 միավոր և 136-րդ հորիզոնական:

Ադրբեջանն ու Ղազախստանը վաստակել են 29-ական միավոր և մյուս երկրների հետ կիսում են 126-րդ հորիզոնականը: Ուկրաիան ստացել է 26 միավոր և այլ երկրների հետ կիսում է 142-րդ հորիզոնականը, իսկ Բելառուսն իր 31 միավորով այլ երկրների հետ կիսում է 119-րդ հորիզոնականը:

Տեսանյութեր

Լրահոս