Նախախորհրդարանը ոստիկանությանը հորդորում է մինչեւ ապրիլի 24-ը միանալ ժողովրդին
«Նախախորհրդարանը» վերջին 24 ժամվա ընթացքում Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության 7 թեկնածուների մեքենաները հրկիզելու կազմակերպիչ է համարում իշխանություններին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նախախորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ չի բացառում, որ պատճառը նախօրեին Ժիրայր Սեֆիլյանի տված ասուլիսն է։
«Չեմ բացառում, որ պարոն Սեֆիլյանի ուղիղ հղումը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին կարող է գրգռած լինել ռեժիմին, որովհետեւ իրենք բնազդներով են շարժվում, բայց հաշվի առնելով, որ 24 ժամում քաղաքի տարբեր մասերում հւրկիզել են 6 մեքենա, ակնհայտ է, որ նախապատրաստությունը նախապես է կատարվել։ Իրենք ճշտել են, որ մեքենան որտեղ է կայանում, որից հետո կոճակի մեկ սեղմամբ օպերացիան սկսվել եւ վերահսկվել է։ Միգուցե մտածել են՝ 1 հատ անենք, տեսնենք՝ ինչ ռեակցիա կլինի, գուցե դրանից հետո կվախենանք եւ հետ կքաշվենք։ Չեմ բացառում, որ Սեֆիլյանի հրապարակային ուղերձն է հոգեբանորեն ազդել բնազդներով կառավարվող մեր ապազգային կրիմինալ ռեժիմի վրա։ Այսքան տարիների ընթացքում համոզվել ենք, որ նրանց մղումները հաճախ բանական չեն»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։
«Նախախորհրդարանն» այս առիթով ասուլիս էր հրավիրել ՀՀ ոստիկանության շենքի մոտ, ինչը, ըստ Վարուժան Ավետիսյանի, հատուկ ուղերձ հղելու նպատակով է։
«Մենք դիմում ենք ոստիկանության շարքային, կրտսեր եւ ավագ ծառայողներին, բայց ոչ բարձրագույն անձանց հետ գործ չունենք մի պարզ պատճառով, որ նրանք այս հանցավոր ռեժիմի բաղադրիչ են։ Ոստիկանության ծառայողներին հորդորում ենք մինչեւ ապրիլի 24-ը որոշում կայացնել՝ իրենք ժողովրդի կողքին են լինելու, թե շարունակելու են ծառայել ժողովրդին եւ պետությանը կործանում տանող իրենց անմիջական հանցագործ պետերին»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։
Ավետիսյանի կարծիքով՝ ԱԱԾ շենքի դիմաց մեքենաներ հրկիզելը խոսում է այն մասին, որ երկրում անվտանգությունն ապահովված չէ, կամ «հենց իրենք են կազմակերպում այս ամենը»։
Նշենք, որ «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի նախաձեռնել է դրամահավաք՝ բոլոր 7 մեքենաների կրած վնասները փոխհատուցելու համար։
Դեպքի առթիվ քննություն է նշանակվել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-27-ին, անհայտ անձինք հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները, ինչպես նաև փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Կարո Եղնուկյանի ավտոմեքենան: Մեքենաները հրկիզվել են մոտավորապես նույն ժամերին՝ 4-6-ը ընկած հատվածում, քաղաքի տարբեր հատվածներում։