Բաժիններ՝

Ազատությունն անսակարկելի է. Մամուլի ազգային ակումբի նախագահի ուղերձը ԱԺ պատգամավորներին

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Հազարամյակներ գոյատևած մեր ժողովուրդը և նրա վերականգնված 23-ամյա անկախ պետությունը կրկին կանգնած են պատմական բախտորոշ ընտրության առջև: Աննկարագրելի զրկանքների միջով անցած, խաչելություն տեսած մեր նախնիների երազած անկախ և միջազգայնորեն ճանաչված Հայաստանը կամ պետք է կուլ գնա ռուսական ծավալապաշտական ձգտումներին ու միանա Եվրասիական տնտեսական միությանը կամ մերժի այդ առաջարկը: Հիրավի պատմական պահ է. մի կողմում ինքնիշխանության կորուստն է, մյուս կողմում` արժանապատիվ գոյությունը: Պայմանագրին միանալու դեպքում հայոց պետականությունը կկորցնի սեփական ինքնիշխանությունը` քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում:

Ազատություն կամ ենթակայություն՝ այս է խնդիրը: Երրորդը տրված չէ: Ազատությունն անսակարկելի է. այն նվաճում են ու պաշտպանում: Չկա ազատության հետ համեմատելի այլ արժեք:

Մենք` հայ ժողովրդի ներկա սերունդը և դուք, որպես մեր ներկայացուցիչներ, պարտավորված ենք կրել պատմական պատասխանատվություն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության ապագայի համար: Մեր սերունդը, ձեր միջոցով, պետք է ընտրի խիզախման կամ նզովքի ճանապարհը. պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը՝ կխիզախեք, հանձնելով այն՝ հավերժ նզովված կլինենք:

Կոչ եմ անում քվեարկելիս հիշել՝ ազատություն նվաճողներն ու նրա պահապանները դարեդար ապրում են ժողովրդի հիշողության մեջ, իսկ ազատությունը վաճառքի հանողները` նզովվում հավերժ:

Կոչ եմ անում մտածել՝ ի՞նչ ենք թողնում մեր սերունդներին, վերքե՞ր թե՞ սպեղանի: Մենք վերքեր շատ ունենք, սպեղանի դրեք դրանց վրա:

Կոչ եմանում մի պահ հոգեպես կենտրոնանալ, սավառնել դեպի ապագա, հաղորդակցվել սերունդների հետ, լսել նրանց սրտի կանչը: Եկեք անենք այնպես, որ ստանաք նրանց օրհնանքը որպես ազատության պահապաններ:

Կոչ եմ անում վարվել այնպես, որ մեր հոգիները չտառապեն պատմական կորստի ցավից, այնպես, ինչպես մեր նախնիների հոգիների մորմոքն է մեր ականջներում անընդհատ արձագանքում:

Կոչ եմ անում հիշել՝ մեր ազատության համար մերժել ենք Բաբելոնին, աշխարհակալ Հռոմին, ծավալապաշտ Տիզբոնին, արյունարբու Սուլթանին, լեզվափոխ անող Ցարին:

Կոչ եմ անում գնահատել ձեր քվեարկության պատմական արժեքը և հպարտորեն մերժել ԵՏՄ-ին միանալու ստորացուցիչ պայմանագիրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս