Բաժիններ՝

Նոր ժամանցի ձև՝ Հայաստանում

«Օսըմ» հիմնադրամի երևանյան մասնաճյուղի մրցույթի հերթական հաղթող է ճանաչվել «Օդապարուկների օր» նախագիծը, որը ներկայացրել է «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպությունը նպատակ ունի Հայաստանում ներդնել օդապարուկային մշակույթը՝ իբրև բացօթյա ժամանցի նոր ձև: Օդապարուկներն օդ բարձրացնելու համար լավագույն վայր էր ընտրվել Սևանա լճի ափամերձ տարածքներից մեկը, որտեղ նոյեմբերի 16-ին առաջին անգամ օդ բարձրացան հարյուրավոր օդապարուկներ:

«Հայկական ճամբար» հ/կ նախագահ Սամվել Ռոստոմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատերը Սևանա լճի ափամերձ տարածքներն իբրև հանգստի վայր պատկերացնում են միայն ամառային շրջանում: «Սևանում հանգիստ անցկացնելու համար տարվա այս շրջանը համարվում է ցուրտ և անբարենպաստ: Մինչդեռ քամիները, որոնք Սևանի ափին փչում են տարվա այս եղանակին, կարելի է օգտագործել օդապարուկներ պարեցնելու համար, ինչը ուրախ, գունեղ տրամադրություն կստեղծի Սևանի ափին և հանգստի ու ժամանցի այնպիսի ձև է, որ հնարավորություն է տալիս արդյունավետ օգտագործել բնակլիմայական պայմանները»,- ասում է Սամվել Ռոստոմյանը:

odaparik4

odaparik6

Կարդացեք նաև

odaparuk-2

odaparuk-3

odaparuk-4

Կազմակերպիչները միաժամանակ օդապարուկ պատրաստել են սովորեցրել մասնակցել ցանկացողներին՝ նախօրոք երևանյան իրենց գրասենյակում երեխաների ու նրանց ծնողների հետ պատրաստելով օդապարուկները: Օդապարուկ պատրաստելու սխեման տրամադրել է Հայաստանի հայտնի ավիամոդելավորողներից մեկը՝ Ջորջ Նալբանդյանը, որը նույնպես մասնակցում էր միջոցառմանը և տեղում պատրաստում էր օդապարուկներ: Խորհրդային տարիների հայաստանյան ավիամոդելավորման վետերաններից մեկն այսօր էլ աշխատում է պատանիների հետ, համոզված է, որ ինքնաթիռ պատրաստելը մանկական ու պատանեկան ամենատարածված երազանքներից է. «Խորհրդային տարիներին ինքնաթիռ պատրաստելն իմ սաներից մեկի ինքնամոռաց երազանքն էր, նախագծել էինք, պատրաստում էինք, կարգերը փոխվեցին, երազանքը մնաց անկատար»:

odaparik1

odaparik2

odaparuk-5

Ջորջ Նալբանդյանն այսօր զբաղվում է ռազմական սարքերի նախագծմամբ, սակայն համոզված է, որ ամեն ինչ սկսվում է օդում սավառնող օդապարուկ պատրաստելուց, որը հեշտ է թվում, սակայն հաշվարկները, որպեսզի երկնքում ճիշտ սավառնի և կառավարվի քամու ուղղության հետ, նման է օդանավ պատրաստելու սխեմային:

«Օդապարուկ նախագծողն ինքնաթիռ էլ կնախագծի»,- համոզված է Ջորջ Նալբանդյանը:

«Օդապարուկների օր» նախաձեռնության հեղինակ Սամվել Ռոստոմյանը մեծ ցանկություն ունի միջոցառումը դարձնել ավանդական, համոզված է, որ Հայաստանի քամիները բարենպաստ են օդապարուկային ժամանցի համար. «Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում նույնպես հնարավոր է սահմանել օդապարուկների օր և տարվա մեջ մեկ օր հավաքվելով՝ օդ բարձրացնել ինքնաշեն կամ պատրաստի օդապարուկներ՝ կազմակերպելով ցուցադրություն, մրցույթներ»:

odaparik3

odaparik5

Շատ երկրներում այն համարվում է դիտարժան, զանգվածային ու անվտանգ հանգստի ձև, մանավանդ՝ բնության գրկում հանգստանալ նախընտրողների համար: Հայաստանում առայժմ իբրև ավանդույթ ձևավորվել է միայն կայտբորդինգը, որի հիմնադիրները գյումրեցիներն են. այն առայժմ պրոֆեսիոնալ սպորտաձև չի դարձել, բայց «Օդապարուկների օրվան» մասնակցող գյումրեցի կայտբորդերները նշեցին, որ ամեն ինչ անում են մարզաձևը Հայաստանում բարձր մակարդակի վրա դնելու համար:

«Օդապարուկների օրվա» համար գումար տրամադրած «Օսըմ» հիմնադրամը, մոտ մեկ տարի է, ֆինանսավորում է բոլոր այն թարմ գաղափարները, որոնք հայ իրականության մեջ նորություն են և նպաստում են հասարակության զարգացմանն ու առաջընթացին: «Օսըմի» ծրագրերից է Մաշտոցի պուրակում տեղադրված հանրային դաշնամուրը, ցանկությունների պատը՝ սիրահարների այգում, «Ո՞վ է գնել Երևանը 1264-ին» տեսաֆիլմը, երեխաների համար ստեղծված «Արհեստանոց» նախագիծը, սահմանամերձ գյուղում կանանց բասկետբոլի թիմի ձևավորումը, փայտից հեծանիվ արտադրելու հայ երիտասարդի մտահղացման քաջալերումը, «Ուշագրավ գիտություն» երիտասարդական նախաձեռնության ֆինանսավորումը, Երևանի այլընտրանքային YE տարբերանշանի հանրային ցուցադրությունը, սահմանամերձ գյուղեր մեկնող «Թատրոն՝ անիվների վրա» շրջիկ խումբը, «Արձանագրություններ ավերակների վրա» փառատոնը՝ Արցախում, և այլ հետաքրքիր ծրագրեր, որոնց համար «Օսըմի» 40 հոգանոց թիմի յուրաքանչյուր անդամ ամենամսյա ներդրմամբ ձևավորում է ամսական 1000 ԱՄՆ դոլար բյուջե, որն էլ տրամադրվում է տվյալ ամսվա ամենախենթ գաղափարի հեղինակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս