Բաժիններ՝

Forbes-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունների վարկանիշային աղյուսակը

Ամերիկյան Forbes պարբերականի իսրայելական տարբերակը կազմել է աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի տարեկան եկամուտը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար:

Այդ ցուցանիշով «Իսլամական պետությունը» բավական առաջ է անցել իր մրցակիցներից: Պարբերականի տվյալներով՝ իսլամականների հիմնական եկամուտը ստացվում է Սիրիայում ու Իրաքում նրանց վերահսկողության տակ գտնվող նավթահանքերից արդյունահանվող նավթամթերքը «սև շուկայում» իրացնելուց:

Ամեն օր նավթի ապօրինի վաճառքից խմբավորումը վաստակում է մոտ 2 միլիոն դոլար: «Իսլամական պետությունը» մեկ բարել նավթը վաճառում է 25-50 դոլար գնով, ծայրահեղականներն օրական իրանացնում են գրեթե 30.000 բարել նավթ:

Դրա հետ մեկտեղ իսլամականները շարունակում են զավթել ու յուրացնել իրաքյան ու սիրիական ժառանգության հնագիտական հուշարձանները՝ միջնորդների միջոցով վաճառելով դրանք արևմտյան երկրների ընդհատակյա աճուրդներում:

Ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունների թվում երկրորդ տեղը զբաղեցրել է Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որի տարեկան եկամուտը կազմում է 1 միլիարդ դոլար: Այն հիմնականում գոյանում է Պարսից ծոցի երկրների հովանավորչական աջակցության հաշվին, ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների ու հիմնադրամների տրամադրած միջոցներից:

Ամենաապահովված ծայրահեղական կազմակերպությունների առաջին տասնյակում ընդգրկվել են նաև «Հզբոլլահը» (Լիբանան)՝ 500 միլիոն դոլար, «Թալիբան» շարժումը (Աֆղանստան)՝ 400 միլիոն դոլար, «Ալ-Քաիդա» միջազգային ցանցը՝ 150 միլիոն դոլար, «Աշ-Շաբաբը» (Սոմալի, Քենիա)՝ 70 միլիոն դոլար: Լավագույն տասնյակը եզրափակում է «Բոկո Հարամը» (Նիգերիա)՝ 25 միլիոն դոլար:

Նրանցից շատերը ներգրավված են թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառության, ստրկավաճառության, ինչպես նաև արվեստի իրերի մաքսանենգության մեջ: Ծայրահեղականները հաճախ իրենց կարիքների բավարարման համար կողոպտում են տեղական բնակչությանը, թալանում են պետհիմնարկներ ու բանկեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս