Թուրքիայում հանքավայրի աղետի պատճառով չեղյալ է հայտարարվել տոնական ընդունելությունը
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Քարամանի նահանգի հանքավայրում գրանցված վթարի պատճառով չեղյալ է հայտարարել Հանրապետության օրվա կապակցությամբ հանդիսավոր ընդունելությունը, որը պետք է տեղի ունենար այս երեկոյան: Թուրքիայում այսօր նշում են հանրապետության հիմնադրման 91-ամյակը:
Էրդողանը հայտարարել է, որ մեկնելու է աղետի գոտի. «Աղետի պատճառով մենք չեղյալ ենք հայտարարել տոնական ընդունելությունը: Մենք հետևում ենք Քարամանի իրադարձություններին: 1-2 ժամ հետո ես կլինեմ այնտեղ: Մենք հույսեր ենք կապում հանքափորների փրկության հետ»:
Քարամանի նահանգի Էրմենեք քաղաքի շրջանում գտնվող հանքավայրում երեկ փլուզում է գրանցվել, ինչից հետո այն սկսվել է լցվել ջրով: Վթարի ժամանակ հանքահորում գտնվել է մոտ 40 հանքափոր, որոնց մեծ մասին հաջողվել է դուրս բերել այնտեղից: 350 մետր խորության վրա շարունակում է գտնվել 18 հանքափոր: Նրանց ճակատագիրն անհայտ է: