ԲՀԿ-ական պատգամավորը չի հերքում՝ հանրահավաքի ժամանակ ավտոբուսներով մարդկանց տեղափոխել են Երևան

Եռյակի հանրահավաքից առաջ տարբեր լրատվամիջոցներ նկարել են, թե ինչպես են մարդկանց տաքսիներով բերում հանրահավաքի, ներկա-բացակա անում: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե կարելի՞ է այսքանից հետո ասել, որ շարժումը ինքնաբուխ էր՝ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսպես արձագանքեց.

«Եթե մարդը Հրազդանից կամ մեկ այլ քաղաքից ուզում է հանրահավաքին գալ, բայց այնպիսի իրավիճակի են հասցրել իշխանությունները, որ ինքը չի էլ կարողանում կամ ցուցումներ են լինում, որ այս կամ այն երթուղին չի գործում, բնականաբար, օժանդակության խնդիր է առաջանում»:

Հարցին՝ այսինքն՝ եղե՞լ է նման դեպք, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ, այո, իրենք օժանդակել են մարդկանց.

«Դա հայտարարվել է, որ ովքեր հնարավորություն չունեն, մենք կօժանդակենք: Այսինքն՝ ավտոբուս կտրամադրենք, թող գան մարդիկ հանրահավաքին: Չգիտեմ՝ ինչ ներկա-բացակայի մասին է խոսքը: Կարծում եք՝ 50 հազար մարդու կարելի՞ է ներկա-բացակա անել: Եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան եք տեսել, անկեղծ ասած, չգիեմ՝ ինչի մասին է խոսքը»:

Իսկ այն հարցին՝ կարո՞ղ ենք այսուհետ «Բարգավաճ Հայաստանին» համարել ընդդիմադիր, Ս. Մարգարյանն այսպես պատասխանեց.
«Այս կամ այն խմբակցության ընդդիմադիր լինելը հայտարարությամբ է որոշվում հերթական նստաշրջանի առաջին նիստում: Դա կանոնակարգն է Ազգային Ժողովի: Եթե «Բարգավաճ Հայաստանը» ֆորմալ ձևով պետք է հայտարարի՝ ընդդիմադիր է, թե ոչ, ինքը դա պետք է անի փետրվարին, որովհետև հաջորդ նստաշրջանի սկիզբն այն ժամանակ է լինում: Այսինքն՝ ֆորմալ առումով դա կարող ենք ամենաշուտը հայտարարել փետրվար ամսի առաջին քառօրյայի առաջին նիստում:

Մեզ համար բավականին պայմանական է դա՝ ընդդիմադիր, թե այլընտրանք: Ի՞նչ պետք է մենք անեինք ավելին, եթե նախապես սեպտեմբերին հայտարարած լինեինք, որ մենք ընդդիմադիր ենք: Մենք ունենք մեր ծրագիրը, մենք այս կարգավիճակով ենք ստացել ընտրողների քվեն: Կհայտարարե՞նք, թե՞ ոչ, դա դեռ կորոշենք: Չի բացառվում, որ կհայտարարենք, բայց դա որևէ բան մեր գործելակերպում չի փոխելու»:

Տեսանյութեր

Լրահոս