Հայաստանում գործում է 465 հակակարկտային համակարգ, բայց անհրաժեշտ է 4000-ը
Ներկայումս Հայաստանում գործում է 465 հակակարկտային համակարգ, բայց ռադիոլակացիոն համակարգերը 2-ն են: Ինչպես այսօր Աժ մշտական հանձնաժողովներում 2015 թ. բյուջեի քննարկումների ժամանակ տեղեկացրեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ռադիոլոկացիոն համակարգերն են ցույց տալիս՝ կարկտաբե՞ր են ամպերը, թե՞ ոչ:
Ըստ նախարարի՝ հակակարկտային համակարգերը ՀՀ պահանջարկի 9%-ն է, ընդհանուր պետք է 4000 համակարգ, բայց 100% հնարավոր չէ պաշտպանել. «Ձվի չափ, 3 կիլոգրամանոց կարկուտներ են լինում: Դրանց հետ կապված խնդիրներ կան, բայց հիմնականում կայանները օգուտներ են բերել Արարատի, Արմավիրի մարզերում: Ծառայությունը պետք է զարգացնել, նաև բացի դա ցանցերի միջոցով պաշտպանել: Տարբեր երկրների փորձը տարբեր է»:
Պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով՝ կայանները բերքը հիմնական փրկողներն են: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ կերպ կարելի է աջակցել ԱԻՆ-ին:
Ա.Երիցյանը նշեց, որ ռադիոլակացիոն համակարգերից յուրաքանչյուրն արժի 1.5 մլն դոլար. «Մեզ պետք է 10 նման համակարգ, որովհետև եթե դու նայում ես ու աչքաչափով ասում ես՝ կարկուտ կարող է գալ ու կրակում ես, ոչ կարկտաբեր ամպերը կարող են դառնալ կարկտաբեր: Դա գիտություն է: Յուրաքանչյուր մարզ կարկուտից կրում է մոտ 3 մլրդ դրամի վնաս»: