Բաժիններ՝

ԻԼԻՊ-ը բռնագրավել է Մուսուլից գաղթած հայերի անձնագրերը. նրանք չեն կարողանում տեղաշարժվել

ԻԼԻՊ-ը («Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը վերջերս անվանակոչվեց Իսլամական պետություն) դարձել է Միջին Արևելքի, ընդհանրապես` աշխարհի վերջին շրջանի սարսափներից մեկը. խմբավորման անդամները բնակավայրեր գրավելով` սպանում կամ տեղահանում են հազարավոր մարդկանց, ոչ միայն քրիստոնյաներին ու եզդիներին, այլ նաև` բոլոր նրանց, ովքեր խոչընդոտ են հանդիսանում խալիֆայություն ստեղծելու իրենց գաղափարի իրականացման ճանապարհին:

Գրավելով Իրաքի երեք խոշորագույն նահանգները` ԻԼԻՊ-ն ամիսներ շարունակ հսկողության տակ էր պահում նաև երկրի խոշոր նահանգներից Անբարը: Եվ ահա երեկ Անբարի նահանգապետարանը պաշտոնապես հայտարարեց, որ նահանգի ռազմական ուժերն այլևս չեն հերիքում դիմադրելու ծայրահեղ իսլամիստներին, և նահանգն ամբողջությամբ հանձնվելու ճանապարհին է: Երեկ սպանվել է նաև Անբարի ոստիկանապետը, իսկ «The Sunday Telegraph»-ը հաղորդել է, որ Անբարի նահանգապետարանի դիմումները` ամերիկյան ռազմական ցամաքային օժանդակություն ստանալու առումով, մնացել են անպատասխան:
Անբարում ավանդաբար հայեր չեն ապրել, սակայն, նկատի ունենալով, որ նահանգը շատ մոտ է Բաղդադին (գտնվում է մայրաքաղաքից 13 կմ հեռավորության վրա), վտանգ կա, թե ԻԼԻՊ-ի թիրախներից է դառնալու նաև Բաղդադը, որտեղ կենտրոնացած է Իրաքի հայության մեծ մասը: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում բաղդադահայերը` ստեղծված կացության պայմաններում, և ի՞նչ տրամադրություն է տիրում իրաքահայության շրջանում. «168 Ժամի» հարցերին պատասխանում է Բաղդադի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ, Բաղդադի Ճարտարվեստի համալսարանի պրոֆեսոր Մելքոն Մելքոնյանը:

– Պարոն Մելքոնյան, լուրերը, թե երկրի խոշորագույն նահանգներից մեկը, որը շատ մոտ է Բաղդադին, ծայրահեղ իսլամիստների կողմից գրավվելու ճանապարհին է, տագնապ առաջացրե՞լ է Բաղդադում:

– Տագնապ միշտ կա: Մանավանդ երեկվա լուրերից հետո, երբ լսեցինք, թե ինչ ծայրահեղ լարված վիճակ է տիրում Անբարի ներսում և շրջակայքում: Փաստորեն, երկար դիմադրելուց հետո նահանգն այլևս անզոր է ծայրահեղ իսլամիստների դեմ, որոնք ուժեղ են, լավ պատրաստված են և մարզված: Ավելի քան 10.000 զինյալների մասին են հաղորդում լուրերը: Ճիշտ է, բնակչություն արդեն չի մնացել Անբարում, նրանք լքել են իրենց տներն ու ավելի ապահով վայրեր են տեղափոխվել, բայց նահանգի հնարավոր ամբողջական տիրապետումը` ծայրահեղ իսլամիստների կողմից, անշուշտ, փոքր քայլ չի լինի նրանց վերջին շրջանի գործողությունների շարքում: Անբարը ռազմավարական մեծ նշանակություն ունեցող մարզ է:

Կարդացեք նաև

Musul (1)

– Հնարավոր համարո՞ւմ եք Բաղդադի վրա հարձակումը:

– Մենք բոլորս այն հույսով ենք ապրում, որ Բաղդադը կարմիր գիծ կլինի նրանց համար, և չեն համարձակվի մոտենալ, մանավանդ այստեղ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ են գործում, Բաղդադում է գտնվում ԱՄՆ` աշխարհում ամենամեծ դեսպանատներից մեկը, այլ դեսպանատներ, եվրոպական կառույցներ կան, և այլն: Հուսանք` բոլորն իրենց ջանքերը կգործադրեն, որ արաբական աշխարհի երկրորդ խոշոր քաղաքը, որ նաև աշխարհի հնագույն քաղաքներից է, չդառնա ծայրահեղ իսլամիստների հերթական թիրախը. բոլորս էլ տեսնում ենք, թե նրանք ինչպես են վարվում գրավված քաղաքների ու բնակչության հետ: Իրաքի երկրորդ խոշորագույն քաղաքը` Մոսուլը, վաղուց նրանց տիրապետության տակ է: Մոսուլի դեպքում ներսից աջակցեցին, որ նրանք մտնեն քաղաք: Հնարավոր է` Բաղդադում էլ կան նման ուժեր, որոնք արտաքնապես տեսանելի չեն մեզ համար: Սովորաբար այդպես է լինում` քաղաքների կամ գյուղերի ներսում նրանք ունենում են աջակցող ուժեր:

– Ի դեպ, Մոսուլի հայությունից տեղյա՞կ եք` ո՞ւր են հիմնականում գնացել:

– Ավելի ապահով շրջաններում են` Էրբիլի և այլ հյուսիսային վայրերում, բայց ծայրահեղ իսլամիստները նրանց անձնագրերը և այլ փաստաթղթեր բռնագրավել են, մոտ 120 ընտանիք կա գաղթական վիճակում: Ճիշտ է, նրանց նպաստ է տրամադրվում հայկական միությունների կողմից, առաջնորդարանը հագուստ, ուտելիք և այլ միջոցներ է ուղարկում, բայց այդ մարդկանց ճակատագիրն անորոշ է, նրանք զրկվել են իրենց տարիների ունեցվածքից, իսկ այսօր էլ անձնագիր չունենալու պատճառով չեն կարողանում տեղաշարժվել:

Մենք բազմիցս բարձրացրել ենք Մոսուլից տեղահանված հայերի հարցը, բայց, փաստորեն, թե՛ Հայաստանի դիվանագիտական կառույցները, թե՛ այլ հայկական կազմակերպություններ ի վիճակի չեղան լուծելու այս հարցը: Այն, ինչ տեղի է ունենում Իրաքում, մեծ խնդիր է, որ հայության հետ չէ կապված, խոշոր տերություններին առնչվող հարց է, իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկելն էլ հայկական ու մեր համայնքային ուժերից շատ-շատ վեր է: Իրաքի բնակչությունը հայացքը դուրս ուղղած` սպասում է, որ գերտերությունները վերջ դնեն այս ամեն ինչին: Ես օրերս եմ վերադարձել Հայաստանից, Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին էլ այս հարցն առաջ քաշեցի. Միջին Արևելքում, այդ թվում` Իրաքում, հայության վիճակը տագնապալի է, Հայաստանի կառավարությունը դեսպանատների կամ այլ միջոցներով պետք է կազմ ու պատրաստ լինի, որ ծայրահեղ դեպքերում (ինչը հեռու չէ, նախադեպեր էլ կան), անմիջապես կարողանա թեկուզ ժամանակավորապես տեղափոխել հայությանը: Դեսպաններին հավելյալ լիազորություններ պիտի տրվեն, որպեսզի դիմումի, անցագրի, անձնագրային ձևակերպումների համար երկար ժամանակ չպահանջվի, և մարդիկ կարողանան արագ տեղաշարժվել:

Musul (2)

– Որքա՞ն հայ է մնացել Իրաքում:

– Վերջին շրջանում իրաքահայերի մեծ տեղաշարժեր են եղել, առաջվա հայաշատ գաղութից մոտ 10.000 հայ է մնացել, որի կեսը Բաղդադում է:

– Հիմա Բաղդադում ինչպիսի՞ տրամադրություն է:

– Աշխատանքային: Մարդիկ իրենց գործերով են զբաղված, հայկական համայնքում եկեղեցին, ակումբը գործում են, մարդիկ կարծես սովորել են այս մթնոլորտին, հակառակ ամեն ինչին` կյանքը շարունակվում է, ես հիմա, սովորականի պես, իմ առավոտյան թեյն եմ խմում, քիչ հետո լսարան պիտի մտնեմ` նույն ձևով դաս պարապելու, ապրելու ոգին պահում ենք, հակառակ դեպքում շատ դժվար կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս