Սերգեյ Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի հետ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է երկրում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
Հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ երկու երկրների միջև համագործակցության բոլոր ուղղություններում, այդ թվում նաև ռազմական ոլորտում առկա է լավ դինամիկա:
Շոյգուն կարևորել է Կասպիցի վերաբերյալ առաջիկա բանակցությունները: Նրա գնահատականով՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է դինամիկ, ընդ որում՝ Ադրբեջանը ստանում է ժամանակից զենք:
Շոյգուն հանդիպել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Զաքիր Հասանովի հետ: Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները մտադիր են կյանքի կոչել այն որոշումները, որոնք ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության մասով ընդունվել են պետությունների ղեկավարների կողմից:
Շոյգուն հայտարարել է, որ ադրբեջանական կողմի հետ քննարկելու են ռազմական ու ռազմատեխնիկական կարևոր ասպեկտներ և տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովումը:
Շոյգուն հույս է հայտնել, որ իրենք կստորագրեն մոտ հեռանկարում աշխատելու պլանի մասին համաձայնագիր, որը համագործակցություն է նախատեսում նաև կադրերի պատրաստման ու համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցերում: