«Ղազվին-Ռեշտ Աստարա» երկաթուղին շահագործման կհանձնվի 2015 թվականի սկզբին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծի իրագործման հարցը քննարկվելու է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի հերթական նիստի շրջանակներում, որը Բաքվում անցկացվելու է հոկտեմբերի 21-22-ին:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ադրբեջանի երակթուղիներ» ընկերության ղեկավար Արիֆ Ասկերովը: Նրա խոսքերով՝ այդ նախագիծը կանոնավորապես դիտարկվում ու քննարկվում է եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Իրան ու Ադրբեջան:

Նախագծի նպատակը Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի տրանսպորտային մայրուղիների ինտեգրումն է: Նախագծի բաղկացուցիչ մաս հանդիսացող «Ղազվին-Ռեշտ Աստարա» երկաթուղին շահագործման կհանձնվի 2015 թվականի սկզբին: Միջանցքի կառուցման ներդրումները կազմելու են 400 միլիոն դոլար:

Պլանավորված է առաջին փուլում «Հյուսիս-հարավ» միջանցքով փոխադրել 6 միլիոն տոննա բեռ, իսկ հետագայում՝ 15-20 միլիոն տոննա բեռ: Ասկերովի խոսքերով՝ շարունակվում են նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման աշխատանքները:

Մասնավորապես, արդեն իսկ ավարտվում են Ախալքալաքի կայարանի կառուցման աշխատանքները և պլանավորված է ընթացիկ տարում աշխատանքային գնացք գործարկել Բաքվից մինչև թուրք-վրացական սահման: «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին ամբողջովին շահագործման կհանձնվի 2015 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս