Դատարանը քննում է «Հետաքննող լրագրողներ» հկ-ի հայցն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոնի»

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հայցի քննությունն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի: «Հետաքննող լրագրողները» դատարան ներկայացված հայցով պահանջում էր վերացնել իր կարծիքով հեղինակային իրավունքի խախտումները և փոխհատուցում վճարել: Հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու պահանջ հայցվորն արդեն չի ներկայացնում:

Այսօրվա դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ հայցի հստակեցման մեջ հայցվոր կողմը նշել է՝ «Ճանաչել «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի կողմից «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հեղինակային իրավունքների խախտումը»: Փաստաբանը հայցվորի ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարգով պետք է դատարանը ճանաչի իրավունքի խախտումը, և եթե իրենց կողմից արդեն իսկ վերացվել է խախտումը, որտե՞ղ է վեճը: Հայցվորի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը պատասխանեց, որ այդ մասը մնացել է նախորդ խմբագրումից, այդ մասը դուրս է մնում հայցից:

Պատասխանողի ներկայացուցիչն ասաց նաև, որ նախորդ դատական նիստի ընթացքում` պատասխանելով իրենց հարցին, հայցվոր «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց վնաս չի պատճառվել: Նա հետաքրքրվեց՝ արդյոք դիրքորոշման փոփոխություն կա՞: Այժմ հայցվորը «Սկիզբ մեդիա կոնտրոնից» 200 հազար դրամ է պահանջում:

Ի պատասխան Գրիշա Բալասանյանն ասաց, որ որևէ փոփոխություն չկա. «Հենց սկզբնական հայցադիմումում էլ նշված է, թե այդ 200 հազարը որտեղից է գոյացել: Դա «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասն է կարգավորում: Կարող եմ կարդալ: Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերը իր իրավունքները պաշտպանելու նպատակով դատական կարգով իր իրավունքները խախտողից կարող է պահանջել վնասի հատուցում, ներառյալ բաց թողնված օգուտը, օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքի 22.1 հոդվածի խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրապատիկի չափով»:

Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասաց, որ «վնաս» հասկացությունը ներկայացված է Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում. նրա խոսքով՝ վնասներ են իրական վնասը և բաց թողնված օգուտը: Նա Գրիշա Բալասանյանից հետաքրքվեց, թե պատասխանողից վնասի ո՞ր տեսակն են պահանջում: Գրիշա Բալասանյանն էլ ասաց, որ օրենսդիրը հստակ սահմանել է վնասի չափը: Նիկոլայ Բաղդասարյանի հարցին՝ ինչո՞վ կարող է հայցվորի ներկայացուցիչը հիմնավորել, որ կրած վնասի չափը 200 հազար դրամ է, ոչ թե օրինակ 199 հազար դրամ: Գրիշա Բալասանյանն էլ պատասխանեց, որ հաշվի է առել վերցված նյութերի ծավալը, որակը.

«Դրանք ամբողջության հեղինակային իրավունքի օբյեկտներ են եղել, իսկ օրենսդիրը սահմանում է, որ նյութերն ամբողջությամբ վերցնելու համար պետք է կողմի հետ պայմանագիր կնքել կամ ստանալ թույլտվություն: «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ն «Հետքին» չի դիմել նյութեր վերցնելու համար, «Հետաքննող լրագրողներ» հկ-ին չի դիմել նյութեր ստանալու համար, առավել ևս թույլտվության պայմանագիր չի կնքել»:
Հաջորդ դատական նիստը տեղի նշանակվեց նոյեմբերի 3-ին:

Տեսանյութեր

Լրահոս