Վարչական շրջաններում տեղադրվել է ավելի քան 1000 նստարան ու աղբաման

Մայրաքաղաքում, սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են փողոցների ընթացիկ ասֆալտապատման և հիմնանորոգման 2014 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու շարունակել խիստ հսկողությունը որակի նկատմամբ: Հանձնարարվել է նաև գույքագրել ճաքալցման և փոսանորոգման անհրաժեշտություն ունեցող փողոցներն ու հնարավորին սեղմ ժամկետում կազմակերպել այդ աշխատանքները:

Վարչական շրջաններում շարունակվում են նաև կանաչ տարածքների խնամքի աշխատանքները: Հանձնարարվել է ըստ վարչական շրջանների առաջարկներ ներկայացնել 2015 թվականին հնարավոր նոր վայրերում այգի-պուրակների հիմնման, ինչպես նաև նախկինում ստեղծված տարածքների վերականգնման ուղղությամբ:

«Վարչական շրջաններում կան տարածքներ, որոնք թեև նախկինում ստեղծվել և ծառայել են որպես այգիներ ու հանգստի անկյուններ, այսօր չեն օգտագործվում իրենց նպատակային նշանակությամբ: Շատ դեպքերում դրանք անգամ աղբավայրի են վերածվել: Պետք է տեղում մանրամասն ուսումնասիրենք, գույքագրենք և համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ, փորձենք վերականգնել այդ տարածքներն ու հանձնենք մեր բնակիչներին: Բացի այդ, առաջարկներ ներկայացրեք նաև հանգստի նոր գոտիների ստեղծման ուղղությամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով համայնքային բյուջեի միջոցներով թեքահարթակների կառուցման ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ նախատեսված շուրջ 200 թեքահարթակներից արդեն իսկ կառուցվել և շահառուների օգտագործմանն են հանձնվել 172-ը: Բացի այդ, նախկինում կառուցված օբյեկտների 263 մուտքեր սեփականատերերի կողմից հարմարեցվել են հաշմանդամների համար, իսկ փողոցների հիմնանորոգման շրջանակում ևս 278 թեքահարթակ է կառուցվել:

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված՝ զեկուցվել է, որ ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է տրանսպորտի կանգառներում այլ մեքենաների կայանման 20 դեպք: Այս և հայտնաբերված այլ խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Աշխատանքներին ներգրավվել ու ավելի քան 250 տրանսպորտային միջոցների ուսումնասիրություններ են կատարվել նաև Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչների կողմից: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալները փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին՝ օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու համար: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը:

Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է 8 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Բավարար չգնահատելով տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարել է ուժեղացված հսկողություն սահմանել և գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում: Հանձնարարվել է նաև առաջիկա շաբաթ օրը մայրաքաղաքում կազմակերպել մեծամասշտաբ շաբաթօրյակ՝ դրան մասնակցելու կոչ անելով բոլոր երևանցիներին, պետական կառույցներին, մասնավոր հատվածին, ինչպես նաև ներգրավելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները:

Բակային տարածքների նկարազարդման աշխատանքների ընթացքի վերաբերյալ Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ 261 հասցեներում աշխատանքներն ավարտվել են: Զեկուցվել է նաև, որ տարվա ընթացքում վարչական շրջաններում տեղադրվել է ավելի քան 1000 նստարան ու աղբաման:
Զեկուցվել է, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների ծրագիրը: Այս տարի առաջին անգամ միջոցառումների շրջանակում ներառված են նաև սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրեր:

Տեսանյութեր

Լրահոս