ilur.am-ի հայտարարությունը. «Դատարանի որոշումը՝ մարտահրավեր արդարադատությանը եւ ժողովրդավարությանը»
ilur.am կայքը Վերաքննիչ դատարանի որոշման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ.
«Նախօրեին՝ Վերաքննիչ դատարանը, (դատավոր Եվա Դարբինյան) մերժեց iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքը:
Հիշեցնենք, որ մեր լրատվամիջոցները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի (դատավոր Գագիկ Խանդանյան, ով նաեւ Արդարադատության խորհրդի անդամ է)՝ ավելի վաղ կայացրած վճիռը, որով պահանջվում է բացահայտել հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը:
Դատարանի որոշումն, ինչ խոսք, անակնալ չի եղել, այն ամբողջությամբ տեղավորվում է արդարադատության վերաբերյալ՝ իշխանությունը բռնազավթած ռեժիմի պատկերացումների շրջանակներում:
Բայցեւայնպես, չենք կարող գնահատական չտալ դատարանի վարքին: Դատարանի որոշումը մենք համարում ենք մարտահրավեր ինչպես արդարադատությանը, այնպես էլ՝ անկախ լրատվությանն ընդհանրապես, ու ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին մասնավորապես:
Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛՝ Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք շարունակում են մնալ Դատախազության կցորդը, եւ նախապես ու դատարանից դուրս կայացված որոշումներ դակողը: Դատարանը ապացուցեց, որ զուրկ է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, եւ որ Հայաստանում չկա արդարադատություն որպես այդպիսին: Հայաստանում արդարադատության քողի տակ մեզ են ներկայացնում իշխանության ղեկը բռնազավթած մի քանի անձանց կամքը եւ խաղի կանոնները:
Անկախ այս ամենից, սակայն, iLur.am-ը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի վճիռը՝ պահպանելով ներպետական բոլոր ատյաններն անցնելու անհրաժեշտ ընթացակարգը, եւ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ ներպետական ատյանները սպառելուց հետո, կդիմենք նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»: