Հրաժարվել է ցուցմունքներ տալ՝ ոստիկանների կողմից հաղորդում չընդունելու հանգամանքների մասին. ՀՔԾ
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. մայիսի 21-ին Մալխաս Ասատրյանը Շիրակի մարզի դատախազությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը, անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի վրա գտնվող իր բնակարանը և հափշտակել կենցաղային տարբեր տեսակի իրեր:
Կատարված հանցագործության մասին Մալխաս Ասատրյանը ցանկացել է հաղորդում տալ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնում, սակայն օրվա օպերատիվ հերթապահը սահմանված կարգով չի գրանցել հանցագործության դեպքը, այլ ուղեկցել է բաժնի պետի և տեղակալի մոտ, ովքեր համոզել են հաղորդում չտալ` խոստանալով, որ հանցագործները կվերադարձնեն գողոնը:
Մալխաս Ասատրյանի հաղորդման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 177-րդ հոդվածի 3-րդ մասի1.1 կետի հատկանիշներով: Թեպետ, Մալխաս Ասատրյանը նախազգուշացվել էր ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում նախատեսված քրեական պատասխանատվության մասին, այդուհանդերձ, նախաքննության ընթացքում նա հրաժարվել է ցուցմունքներ տալ իր տնից կատարված գողության առնչությամբ ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցների կողմից հաղորդում չընդունելու հանգամանքների մասին:
Մալխաս Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 339-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առաջադրված մեղադրանքում Մալխաս Ասատրյանն իրեն մեղավոր է ճանաչել և որպես մեղադրյալ կրկին հրաժարվել է այդ հանգամանքների շուրջ ցուցմունքներ տալուց: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն