Բաժիններ՝

Ուկրաինայի փոքր հաղթանակն ու մեծ պարտությունը. The Economist

Բրիտանական The Economist պարբերականում հրապարակվել է «Փոքր հաղթանակ, մեծ պարտություն» խորագրով հոդվածը, որում նշված է. «Պատմաբանները երկար կվիճեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գաղտնի պատերազմի ժամկետային ստույգ սահմանների շուրջ:

Այն չունի պաշտոնական մեկնարկ և չի ունենա ձևական ավարտ: Ռուսաստանը երբեք չի ճանաչել իր մասնակցությունն այդ հակամարտությանը, որին նա մասնակցել է ոչ անմիջականորեն, ինչի համար էլ նա չի տոնել այդ հաղթանակը, ինչպես որ արեց Ղրիմի բռնակցումից հետո:

Ուկրաինան երբեք պաշտոնապես չի հայտարարել, որ իր վրա հարձակվել են, ինչի համար էլ նա չի կարող ձևականորեն ընդունել իր պարտությունը: Սակայն դա ամենևին էլ նրա պարտությունը չի դարձնում պակաս իրական: Վեցամսյա մարտերի ժամանակ Ուկրաինան կորցրել է իր մոտ 3000 քաղաքացու ու իր արևելյան մարզերի նկատմամբ վերահսկողությունը:

Բացի այդ, Ռուսաստանը նրան հարկադրել է հետաձգել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի գործարկումը: Ուկրաինայի պարտությունը քողարկվեց ուկրաինական Ռադայի ու Եվրոպական խորհրդարանի կողմից սեպտեմբերի 16-ին առևտրային համաձայնագրի միաժամանակյա վավերացմամբ:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դա անվանել է պատմական պահ և ուկրաինական խորհրդարանի անդամների հետ միասին երգել է ազգային օրհներգը. «Դեռ չի մահացել Ուկրաինան»: Վերջիվերջո, ընդամենը մեկ տարի առաջ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշեց հրաժարվել համաձայնագրի նախորդ տարբերակը ստորագրելուց, ինչը հեղափոխություն հրահրեց Մայդանում:

Միևնույն ժամանակ այդ համաձայնագիրն ամբողջովին ուժի մեջ չի մտնի առնվազն մինչև 2015 թվականի ավարտը: Այդ դադարը պայմանավորված է Ուկրաինային, Ռուսաստանին ու ԵՄ-ին փոխզիջումներ գտնելու համար ժամանակ տալու ցանկությամբ:

Հենց դրան էլ դեռ Ուկրաինայի ճգնաժամից առաջ ձգտում էր հասնել Ռուսաստանը, սակայն այն ժամանակ նրան խնդրեցին չմիջամտել: Շատ դիտորդներ մտավախություն հայտնեցին, որ Ասոցացման այդ համաձայնագիրն ապագայում կարող է զուրկ լինել իր բովանդակությունից:

Հենց դրա համար էլ եվրոպացի պաշտոնյաները հիասթափության մեջ էին, երբ Ուկրաինայի, Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև եռակողմ բանակցություններից հետո լսեցին համաձայնագրի գործարկման հետաձգման լուրը:  Նրանցից մեկն ասաց, որ «դա Մյունխեն 1938» է:

Եվ այնուամենայնիվ, Ուկրաինան չի ունեցել ընտրություն: Ռուսաստանը նրան սպառնացել է ռազմական գործողությունների վերսկսմամբ և տնտեսական լիակատար շրջափակմամբ, եթե Ուկրաինան չհետաձգի համաձայնագրի գործարկումը:

Իր մտադրությունների լրջությունն ապացուցելու համար` Մոսկվան պատրաստվում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Ղրիմում ու սակագներ սահմանել Ռուսաստան ուկրաինական արտահանման վրա, որոնք կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի դիմի Եվրոպայի հետ համաձայնագրի գործարկմանը:

Ուկրաինացի քաղաքական գործիչները խոստացել են բարեփոխել երկրի տնտեսությունը` չնայած ԵՄ-ի հետ համաձայնագրի գործարկման հետաձգմանը, սակայն եթե դատենք վերջին 23 տարիներով, ապա խոստումը կատարելու հավանակությունը բավական փոքր է:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը վստահեցնում է, որ հենց վերջին ամիսների պատերազմի պատճառով է պայմանավորված բարեփոխումների բացակայությունը, սակայն պարզ չէ, թե ինչու կառավարությունը ցայժմ չի սկսել տնտեսության ազատականացման ու կոռուպցիայի դեմ պայքարի գործընթաց:

Նույն օրը, երբ Ռադան վավերացրեց Ասոցացման համաձայնագիրը, նա նաև օրենք ընդունեց, որով պաշտոնապես հատուկ կարգավիճակ շնորհեց Դոնբասի այն հատվածին, որը վերահսկվում է ռուսամետ անջատողականների կողմից և ներառում է Դոնեցկն ու Լուգանսկը:

Այդ օրենքի համաձայն, տվյալ տարածքները ստանում են 3 տարով լայն ինքնավարություն, ինքնակառավարման իրավունք ու Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու հնարավորություն` թեև նոր օրենքն այդ տարածքներին իրավունք չի տալիս մասնակցել արտաքին քաղաքականության ու պաշտպանության հարցերի լուծմանը:

Եվս մեկ օրենք համաներում է շնորհում աշխարհազորայիններին: Պորոշենկոյի օգնականների խոսքերով` դա եղել է մարդկանց կյանքը փրկելու միակ միջոցը, սակայն այդ օրենքներն ուկրաինական կառավարությանը կանգնեցնում են բավական բարդ հարցերի առաջ:

Կիևի կողմից Դոնեցկի մարզի նահանգապետ նշանակված Սերգեյ Տարուտան հարց է առաջ քաշում. «Ինչի՞ համար զոհվեցին մեր տղաները: Ինչո՞ւ մենք խաղաղության բանակցություններ չենք վարել դեռևս մայիսին»:

Ի տարբերություն Ասոցացման համաձայնագրի վավերացման հարցի, հատուկ կարգավիճակի մասին հարցի քվեարկությունն անցկացվել է դռնփակ պայմաններում:  Լրագրողներին չեն թույլատրել ներկա գտնվել դրան, իսկ քվեարկածների ցուցակը չի հրապարակվել` խուսափելու համար դավաճանության մեջ մեղադրանքներից:

Երկրի արևելքին հատուկ կարգավիճակի տրամադրումը կարող է հանգեցնել անորոշ ժամկետով հակամարտության սառեցմանը, ինչը իդեալական իրավիճակ է` մաքսանենգների ու ավազակների բարգավաճման համար: Որևէ կասկած չկա նրանում, որ Ուկրաինան ունակ չէ շահել Ռուսաստանի դեմ պատերազմը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս