Բաժիններ՝

«Ով ասես չի աշխատում դպրոցներում, գոնե մասնագիտական կրթություն ունենան». Անահիտ Բախշյան

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  ԿԳ նախարարության՝  պարտադիր 12-ամյա կրթության անցնելու ցանկության մասին և այն մասին, թե ինչ խնդիրներ կարող է լուծել պարտադիր 12-ամյա կրթությունը Հայաստանի դպրոցներում:

«12-ամյա կրթության նպատակն, ըստ օրենքի նախագծի հիմնավորման, այն է, որ մինչև 18 տարեկան մեր բոլոր երիտասարդները ունենան միջնակարգ կրթություն, որով կապահովեն հատկապես իրենց մասնագիտական ընտրության հարցը: Այսօր շուկան է թելադրում մասնագիտության ընտրությունը, իսկ մեր ծնողները դեռ շարունակում են որոշել, թե երեխան ինչ մասնագիտություն ընտրի: 12-ամյա կրթության առաջին նպատակներից մեկը հենց երեխայի մասնագիտական կողմնորոշման կրթություն տալն է, որպեսզի երեխան դպրոցական տարիքից ինքն իրեն լավ ճանաչի»,-ասաց նա:

Ըստ նրա՝ տարբեր մարզերում ուսուցիչների կարիք ունենք և բերեց Տավուշի մարզի օրինակը. «Ով ասես չի աշխատում դպրոցներում, գոնե մասնագիտական կրթություն ունենան: Սա լուրջ խնդիր է:  Հուսամ՝ 12-ամյա պարտադիր կրթությունը ինչ-որ հարցեր կլուծի, բայց որպեսզի այն ծառայի իր նպատակին՝ մենք պետք է հետևենք այն բոլոր կարգերին, որոնք ընդունվել են կառավարության կողմից»,-նշեց նա:

Անահիտ Բախշյանն ասաց, որ նախակրթարաններից պետք է սկսել աշխատել երեխայի հետ, երեխան պետք է ինքն իրեն ճանաչելով մեծանա, իմանա՝ ինչ ուժեղ կողմեր ունի, և դա կրթությունը պետք է անի՝ ուսումնական առարկաների ժամանակ:  Ըստ նրա՝ կրթական միջավայրը պետք է յուրաքանչյուր օր բացահայտի երեխային՝ ինքն իր համար: Այս դեպքում 12-ամյա կրթությունն ավելի արդյունավետ կլինի:

Կրթության փորձագետն անդրադարձավ նաև կադրային քաղաքականությանը և ասաց, որ տարածքայի կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարում են, որ Հայաստանում կա 22 հազար դրույք –ժամ, բայց աշխատում են 40 հազար ուսուցիչ: Այսինքն՝ ամեն մի դրույքի վրա՝ 2 ուսուցիչ. «Սա նշանակում է, որ ուսուցիչների աշխատավարձը երբեք չի բարձրանա: Այսպիսի վիճակ մենք ունենինք նաև 2002թ.: Այդ ժամանակ Համաշխարհային բանկի առաջին ծրագրով («Կրթության որակ և համապատասխանություն»)՝  օպտիմալացման խնդիր դրվեց: Այսինքն՝ վարկով վերցրած գումարը տրվեց օպտիմալացման վերաբերյալ փաստաթղթեր ստեղծելու համար: Ստեղծվեցին կարգեր, որոնք փող արժեն: Օպտիմալացման արդյունքում միայն 2003թ.  կրճատվել է 3667 ուսուցիչ: Կրճատված ուսուցիչներին 6 ամիս շարունակ տրվեց աշխատավարձ: 2003թ. առաջին անգամ Հայաստանը մասնակցեց Թիմսի՝ բնագիտական և մաթեմատիկական առարկաների գծով աշակերտների գիտելիքների միջազգային ստուգատեսին և 41 երկրներից 23-րդ տեղը գրավեց: Օպտիմալացման շրջանից հետո՝ 2007թ., Հայաստանը գրավեց 13-րդ տեղը: Դա նշանակում է՝ ուսուցիչը ծանրաբեռնվեց,  աշխատավարձ ստացավ, ոգևորվեց ու դաս պարապելուց հոգնած՝ գնաց տուն: Այսինքն՝ օպտիմալացման ծրագիրն անհրաժեշտություն է նաև այսօր: Բայց օպտիմալացումը պետք է լինի կրթության որակի շահերից բխող, այլ ոչ թե տնօրենի, մարզպետի կամ չգիտես ում շահերից բխող: Գյուղերում գյուղապետերը դպրոցները դարձրել են իրենց գերդաստանի աշխատատեղ»,-ասաց նա:

Ռազմիկ Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս