Ավետիք Իշխանյան. Չեմ հավատում, որ սահմանադրական փոփոխությունները բարի նպատակ ունեն

Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ

– Պարոն Իշխանյան, ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա՞:

– Իմ կարծիքով՝ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը հրատապ է, որովհետև այն Սահմանադրությունը, որ մենք ունենք՝ 1995թ. կեղծված հանրաքվեով ընդունված և 2005թ. կեղծված փոփոխություններով ընդունված, չի կարող երկրում ժողովրդավարություն սահմանել, երաշխավորել մարդու իրավունքները և երկրի զարգացումը, որովհետև գործող սահմանադրությունը միակենտրոն, բրգաձև սահմանադրություն է, որտեղ չկա իշխանության տարանջատում: Ըստ էության, սա միապետական սահմանադրություն է, որովհետև կարևոր չէ՝ միապետի անունը թագավո՞ր է, գլխավոր քարտուղա՞ր, ազգի առաջնո՞րդ, թե՞ նախագահ: Ի վերջո, ղեկավարման համակարգն այդպիսին է, և եթե մենք համեմատում ենք եվրոպական երկրների հետ, ապա նրանք միջնադարյան միապետական կառավարման կարգից անցում են կատարել դեպի ժողովրդավարություն, այն է՝ պառլամենտական հանրապետություն:

Սա իմ համոզմունքն է դեռևս 1995թ., երբ սահմանադրության ընդունման հետ կապված քննարկումներ էին տեղի ունենում: Ինչ վերաբերում է Հայաստանում նախաձեռնված սահմանադրական փոփոխություններին, ապա ես շատ կասկածանքով եմ վերաբերվում դրանց, որովհետև առաջին հերթին` իմ ասած սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է գիտակցեր հասարակությունը, հատկապես իր ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական շարժումների մակարդակով, և ճնշումը պետք է լիներ ներքևից, լիներ հասարակական կոնսենսուս, համաձայնություն` այդ փոփոխությունների հետ կապված: Այսինքն՝ դա պետք է լիներ գիտակցված:

Այս տեսակետից, ինչպես ասացի, կասկածանքով եմ վերաբերվում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, որովհետև մի կողմից` նրանք հայտարարում են, որ իշխող Հանրապետական կուսակցությունը դեռևս երկար ժամանակ պետք է մնա իշխանության, Հայաստանում իշխանությունը, բիզնեսը և սեփականությունը իրար հետ շաղկապված են, և ես մեծ կասկածանքով եմ վերաբերվում, որ հանկարծ իշխանությունները բարիացան և որոշեցին այնպիսի փոփոխություններ անել, որի հետևանքով իրենք կարող են զրկվել իշխանությունից: Եթե ավելի ճշգրիտ ասեմ, ապա ես չեմ հավատում, որ սահմանադրական փոփոխությունները բարի նպատակ ունեն: Իմ ասածներն ավելի շատ հիմնավորվեցին հայեցակարգն ուսումնասիրելիս:

Իշխանության տարանջատում ասելով՝ նկատի ունեմ հիմնականում երկու կարևորագույն հարց: Մեկը դատական համակարգի ձևավորումն է, որպեսզի այն դառնա դատական իշխանություն, այսինքն՝ կախված չլինի գործադիր իշխանությունից: Սա իրավական պետության հիմնահարցն է: Երկրորդը տեղական ժողովրդավարությունն է, այսինքն՝ տեղական ինքնակառավարում, որը կունենա ինքնուրույնություն, կախված չի լինի կենտրոնական իշխանությունից: Այս երկու հարցերն էլ հայեցակարգում որևէ հստակ բանաձև չունեին:

Ես հիշում եմ, որ դատական համակարգի հետ կապված ընդամենը գրված էր անցումը երկաստիճան դատական համակարգի, բայց որևէ խոսք դատարանի պորտալարը գործադիր իշխանությունից կտրելու մասին չկա: Տեղական ինքնակառավարման հետ կապված ընդամենը խոսք է գնում համայնքների խոշորացման և այլնի մասին, բայց ինքնուրույնության, մարզպետի դիկտատը տեղական ինքնակառավարման հարցում վերացնելու մասին հարց չկար: Այսինքն՝ այս հայեցակարգը, որի հիման վրա պետք է լինի նախագիծը, որևէ վստահություն չի առաջացնում: Համենայն դեպս, վերջնական խոսքը կարող եմ ասել նախագիծը տեսնելուց հետո, բայց ամեն դեպքում վստահություն չկա, և չի բացառվում, որ անունը դնեն` անցում պառլամենտական համակարգին, բայց դա լինի պսևդոպառլամենտական համակարգ:

– Նշեցիք, որ իշխանությունների բարի նպատակներին չեք հավատում: Այդ դեպքում Ձեր կարծիքով` ի՞նչ նպատակ ունեն սահմանադրական փոփոխությունները:

– Ես ենթադրում եմ, որ այս փոփոխությունների տակ թաքնված է իշխանությունը երկարացնելու ինչ-որ մեխանիզմ: Չնայած մյուս կողմից էլ` կարող եք ասել` իսկ այս Սահմանադրությունն ինչո՞վ է խանգարում Հանրապետական կուսակցությանը` երկարացնելու իր իշխանությունը: Այստեղ կարող է հարց առաջանալ, որ գուցե սահմանադրական փոփոխություններն արգելք են ստեղծում ինչ-որ քաղաքական ուժերի՝ հնարավոր իշխանության գալու հետ կապված, և ավելի անցնցում կատարելու իրենց իշխանության պահպանումը, որովհետև հայտնի է, որ Հայաստանում նախագահական ընտրությունները, որպես կանոն, անցնում են մեծագույն ցնցումներով, և իշխանությունը, գործադրելով բռնի ուժ, այլ մեթոդներ, մի կերպ է պահում իշխանությունը: Գուցե իրենց ներքին քննարկումների արդյունքում մտածել են այսպիսի փոփոխություններ անել, որպեսզի հնարավորություն չտան ինչ-որ քաղաքական ուժերի` ռեալ մասնակցություն ունենալ իշխանության ձևավորմանը և իշխանության պահպանումն անեն ավելի անցնցում, քան մինչև այդ Հայաստանում եղել է:

– Փաստորեն, կողմնակից եք խորհրդարանական կառավարման համակարգին:

– Այո, վիճակագրություն կա, որ ընդհանրապես նախագահական, միապետական համակարգեր ընդունած երկրներում, որոնք անկախություն են ստացել դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ձևավորվել է կամ բռնապետություն, իշխանությունը եղել է հեղափոխություններով կամ հեղաշրջումներով, և շատ հաճախ, եթե նրանք չեն ունեցել էներգետիկ ռեսուրսներ, ապա եղել են տնտեսական ուժեղ անկումներ: Սա փաստ է: Իսկ պառլամենտական կառավարման համակարգ ընտրած երկրների 70 տոկոսի դեպքում ձևավորվել է ժողովրդավարություն, տնտեսական աճ: Այսինքն՝ պառլամենտական կառավարման համակարգը դեղատոմս չէ, դա զարգացման հնարավորություն է տալիս, իսկ նախագահական համակարգը զրկում է այդ շանսից:

– Եթե անցնենք խորհրդարանական կառավարման համակարգին, բայց իշխանությունը շարունակի մնալ իշխող կուսակցության ձեռքին, ի՞նչ կարող է դա տալ երկրին:

– Դա երկրին շանս է տալիս, բայց պարտադիր չէ, որ դրա դեպքում նորմալ լինի: Նորմալ կլինի, եթե հասարակությունն ունենա այն գիտակցությունը, որ ոչ թե պետք է լավ, բարի թագավորի մասին մտածել, այլ համակարգի փոփոխության: Եթե հասարակությունը եկավ այդ գիտակցությանը, դրա շնորհիվ քաղաքական համակարգը փոխվեց, ապա այդ դեպքում զարգացման հնարավորությունը շատ ավելի մեծ է լինում: Իսկ արհեստական, վերևից փոփոխելով, երբ հասարակությունը մասնակից չէ դրան, սա կլինի պսևդոպառլամենտական համակարգ: Ի վերջո, մենք կապրենք նույն լճացման վիճակում, ինչ այսօր է: Ես կուզենայի անդրադառնալ նաև Հայաստանի քաղաքական, հատկապես ընդդիմադիր ուժերին, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին:

Ես կարծում եմ՝ այստեղ հիմնական հարցը ոչ այդքան իմ նշած կասկածներն են, որքան այն, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերն իրենց մտածողությամբ նույնպես միապետական են, և նրանք ուզում են իշխանությունը վերցնելու դեպքում վերցնել ամբողջ իշխանությունը, առանց սահմանափակման: Կարծում եմ՝ այն, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը դեմ են սահմանադրական փոփոխություններին, հիմնականում կապված են ոչ այնքան սկզբունքների հետ՝ ժողովրդավարություն և այլն, որքան այն հանգամանքի հետ, որ իրենք են ուզում ունենալ այդ իշխանությունը և միապետ լինել:

– Ըստ Ձեզ՝ կարևոր հարցերից մեկը դատական իշխանության պորտալարը գործադիր իշխանությունից կտրելն է: Դրա համար ի՞նչ պետք է արվեր, որը չեք տեսել բարեփոխումների հայեցակարգի նախագծում:

– Կարելի էր վերցնել եվրոպական մի շարք իրավական պետությունների մոդելներից մեկը: Դրանցից մեկը կարող էր լինել այն, որ Արդարադատության խորհուրդը որևէ կապ չունենար գործադիր իշխանության հետ, այդ խորհրդի որևէ անդամի չնշանակի գործադիր իշխանությունը, այն լինի իսկապես ինքնակառավարվող մարմին:

Պառլամենտական կառավարման համակարգի դեպքում, երբ հանրապետության նախագահը զուտ արարողակարգային դերակատարություն ունի, բայց որևէ ազդեցություն չունի գործադիր իշխանության վրա, դատավորներին նշանակելու վերջնական որոշումը կարող է լինել նախագահինը: Բայց այն նախագահինը, որն ընտրվում է ոչ թե ժողովրդի, այլ պառլամենտի կողմից: Սա մի ձև է, որն ընդունված է Գերմանիայի Դաշնությունում: Կան համակարգեր, երբ դատավորները կարող են նշանակվել պառլամենտի կողմից մեծամասնությամբ, ինչպես նշանակվում է մարդու իրավունքների պաշտպանը: Կան տարբեր մոտեցումներ, բայց սկզբունքն այն է, որ գործադիր իշխանությունը չմասնակցի ոչ միայն ձևավորմանը, այլ նաև վերահսկողություն չունենա դատական համակարգի նկատմամբ:

– Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում դատական իշխանության հետ կապված երեք լուծում է առաջարկվում՝ անցում երկաստիճան դատական համակարգից եռաստիճանի, երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների անցկացում, առաջին ատյանի դատարանի կազմում ինքնուրույն դատական օղակի ստեղծում, որը կկատարի մասնագիտացված գործառույթ, օրինակ՝ վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փոփոխություններին:

– Դրանք կլինեն կոսմետիկ փոփոխություններ, եթե հիմնահարցերը լուծված չեն: Երկաստիճան թե եռաստիճան դատական համակարգ՝ դա չէ էականը, որովհետև երկրներ կան, որտեղ արդյունավետ գործում է երկաստիճան դատական համակարգը, երկրներ կան, որ արդյունավետ գործում է եռաստիճան դատական համակարգը: Ինչ վերաբերում է վերահսկողական մեխանիզմինգ դա կարծես թե դրական քայլ է: Բայց կարևոր հարց է՝ ովքեր են նշանակում և ովքեր են վերահսկողություն իրականացնում: Այսինքն՝ եթե մենք ունենում ենք փոփոխություններ՝ անցում երկաստիճան դատական համակարգի, անչափահասների հարցով դատավորներ, որոնք, ըստ էության, կարևոր են, բայց եթե դատական համակարգը ձևավորվում է գործադիրի կողմից, ապա այդ ամենը դառնում է ձևական, զուտ ցուցափեղկ, հիմնահարցը չի լուծվում:

Տեսանյութեր

Լրահոս