Կարեն Անդրեասյանի «շառաչուն ապտակը»՝ Արփի Դավոյանին

Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի դեմ հաղորդում էր ներկայացրել 2021թ․ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բողոքի ակցիայի, ժողովրդի մեջ ավելի հայտնի «Սյունյաց ողջույնի» գործով դատական նիստերի ձգձգման և վաղեմության հիմքով կարճման համար: Ընդ որում, որպես ձգձգում որակել էին ընդհուպ ամբաստանյալի՝ սեփական հարսանիքին մասնակցելու համար նիստի հետաձգումը։

Այդ գործով կարգապահական վարույթի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) մեկնարկել էր հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) ներկայացուցիչը հայտնել էր, որ 2021 թ․ օգոստոսի 18-ին վարույթ ընդունված քրեական գործը դատավորի կողմից քննվել է շուրջ 2 տարի 6 ամիս և գործով նշանակված 30 դատական նիստերից 16-ը հետաձգվել են՝ այդպիսով գործով դատական նիստերի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել, գործը ողջամիտ ժամկետներում չի քննվել, ինչի արդյունքում քրեական վարույթը կարճվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Ըստ ԱՆ-ի՝ դատավորի կողմից մի շարք դատական նիստերի հետաձգումը հիմնավոր չի եղել, ամբաստանյալների և նրանց պաշտպանների՝ նիստերին չներկայանալը չէր կարող համարվել որպես հարգելի, քանի որ չէին ներկայացվել նրանց բացակայությունը հարգելի համարելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցներ։ Դատական նիստերը հետաձգվել են նաև ամբաստանյալներից մեկի առողջական խնդիրների վերաբերյալ միջնորդությունների հիման վրա, որոնցից 2-ով նշվել է, որ համապատասխան բժշկական փաստաթղթերը կներկայացվեն լրացուցիչ՝ բժշկական օգնության դիմելուց հետո, սակայն դատավորի կողմից ներկայացված, որպես դատական նիստերի հետաձգման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի համաձայն՝ տվյալ նիստի համար այդպես էլ չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ մյուս դեպքում փաստաթուղթը ներկայացվել է միայն 8 օր անց։

Նախարարության ներկայացուցիչը նաև որպես դատական նիստի հետաձգման պատճառ վկայակոչեց ամբաստանյալ Հրանտ Մարությանի դիմումը՝ այդ օրն իր հարսանեկան միջոցառումը նշանակված լինելու վերաբերյալ, սակայն, լիազոր մարմնի գնահատմամբ՝ սեփական հարսանեկան միջոցառման վերաբերյալ հանգամանքի վկայակոչումը միայն՝ առանց այդ փաստերի առնվազն անուղղակի ապացույցներ ներկայացնելու, չէր կարող հիմք լինել դատական նիստի հետաձգման համար։

Կարդացեք նաև

Ինչևէ, Նապոլեոն Օհանյանն ասել էր, որ գործի քննության վաղեմության ժամկետներն անցել են՝ պայմանավորված գործի քննության կոնկրետ հանգամանքներով:

Այսօր ԲԴԽ-ն մերժեց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

Իրականում ինչ էլ որ արած լիներ Նապոլեոն Օհանյանը, մեղավոր լիներ թե ոչ, էական չէ, որովհետև այս միջնորդությունը հոկտեմբերի 1-ից հետո ենթակա էր մերժման: Իսկ հոկտեմբերի 1-ին Արփի Դավոյանի ու նրա մերձավոր պատգամավորների պարտադրանքով Կարեն Անդրեասյանի մերձավոր ընկեր ու գործընկեր Գրիգոր Մինասյանն ազատվել էր արդարադատության նախարարի պաշտոնից:

Հենց այդ օրն էր Կարեն Անդրեասյանն իր մտերիմների շրջապատում խոստացել, որ արդարադատության նոր ՔՊ-ական նախարարին ուրախ օրեր չեն սպասվում: Արփի Դավոյանը նախարար չդարձավ, նրան գցեց սեփական կուսակցությունը, բայց Կարեն Անդրեասյանն իր այս որոշմամբ (իսկ ԲԴԽ-ում որոշումները կայացվում են բացառապես Կարեն Անդրեասյանի կամքի կոնսենսուսով.- Գ.Ս) դուռն ուժգին շրխկացրեց Արփի Դավոյանի երեսին: Դատավորն անգամ նկատողություն չստացավ:

Տեսանյութեր

Լրահոս