Բաժիններ՝

Հայաստանի ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում Ռաուլի անունն է շրջանառվում. ՀՖՖ փոխնախագահ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Fast Sports-ի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում խոսեց ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի հեռանալու և Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզիչի նշանակման համար ծանր բանակցությունների մասին:

«Ոչ մի մարզիչ չի կարող երաշխավորել, որ Հայաստանի բազայով կարող է ազգային հավաքականին դուրս բերել աշխարհի առաջնություն: Նման բան նույնիսկ չեն կարող երաշխվորել Անչելոտիի, Գվարդիոլայի կարգի մասնագետները:

Ալեքսանդր Պետրակովին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո հանդերձարանում հրաժեշտ ենք տվել և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Նա մի քանի օր է մնացել Երևանում, հանձնել բնակարանը և հեռացել: Պետրակովը նաև անձնական խնդիրներ ուներ և պետք էր շտապ գնալ: Նրա մարզչական շտաբի անդամները մնացել են և այժմ էլ աշխատում են:

Ամենօրյա բանակցություններ են ընթանում նոր գլխավոր մարզիչի նշանակման համար: Բանակցությունները շատ ծանր են ընթանում, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական առումով երբեք մոտ չի եղել այն թվերին, որոնք հրապարակվում են:

Ես և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել ենք, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք:

Հստակ է` նոր մարզիչը կլինի արտասահմանից: Կապառոսն ու Պետրակովը ցույց տվեցին, որ շատ գործոններով արտասահմանից եկած մասնագետներն առավելություն ունեն: Այս տարիների ընթացքում հասկացանք, որ տարիքը ևս կարևոր է, որպեսզի նոր գլխավոր մարզիչն ավելի երիտասարդ լինի: Երիտասարդ մասնագետներն ավելի շատ են ձգտում նվաճումների հասնել:

Դիտարկում ենք երկու տարբերակ` մարզիչ, որը հավաքականը կգլխավորի առաջիկա երկու խաղերից սկսած և մարզիչ, որն աշխատանքը կսկսի հաջորդ տարվանից:

Թեկնածուների թվում շատ մասնագետներ կան, այդ թվում` Ռաուլը: «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ բանակցելու վերաբերյալ լուրերը կեղծ են»,- ասաց ՀՖՖ փոխնախագահը:

Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների` Fastex Պրեմիեր լիգայի խաղերի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին` Նիկողոսյանը նշեց, որ նման պահվածքն անընդունելի է: Նրա խոսքով` ֆան ակումբների ներկայացուցիչներն այդ ակցիաներով և խաղերն ընդհատելով վնասում են հայկական ֆուտբոլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս