ԱՄՆ մի շարք նահանգներում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը
ԱՄՆ նախագահի ընտրությունների վաղաժամկետ քվեարկության ընթացքում իրենց նախընտրելի թեկնածուի համար ձայն է տվել արդեն ավելի քան 82 միլիոն ամերիկացի, իսկ մյուսները, որ քվեարկելու են նոյեմբերի 5-ին, արդեն նման հնարավորություն ունեն մի քանի նահանգներում։
CNN-ը հաղորդում է, որ տարբեր նահանգներում և քաղաքներում ընտրատեղամասերի բացվելու ժամանակը տարբեր է։
Ընտրատեղամասերը բացվել են արդեն ավելի քան 25 նահանգներում, այդ թվում՝ Ալաբամայում, Ջորջիայում, Իլինոյսում, Դելավերում, Ֆլորիդայում, Հարավային Կարոլինայում, Մասաչուսեթսում, Փենսիլվանիայում, Նյու Յորքում, Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան):
ԱՄՆ-ում առաջինը քվեարկել են Նյու Հեմփշիրի Դիքսվիլ Նոթչ համայնքում, որտեղ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը և հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը ստացել են հավասարաչափ ձայներ՝ յուրաքանչյուրը 3-ական։ ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին ընտրում են ոչ միայն երկրի նախագահին, այլև Կոնգրեսի անդամների։
Որոշ նահանգներում նաև քվեարկում են հղիության ընդհատման իրավունքի համար։Տարբեր նահանգներում ընտրատեղամասերը տարբեր ժամերի են փակվում, բայց գրեթե բոլորը փակված կլինեն Արևելյան ստանդարտ ժամանակով մինչև ժամը 23։00-ն, բացառությամբ Հավայիի և Ալյասկայի, որտեղ ընտրատեղամասերը մի փոքր ավելի ուշ են փակվում։
Ընտրություններին ընդառաջ ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն ու իրավապահ մարմինները մի քանի նահանգներում մարտական պատրաստության են բերվել՝ դիմակայելու ծայրահեղական խմբավորումների կողմից հնարավոր բռնություններին, եթե նրանք դժգոհ լինեն նախագահական ընտրությունների արդյունքներից:
Ընտրատեղամասերի բացվելուց հետո երկու թեկնածուներն էլ իրենց ընտրողներին կոչ են արել քվեարկել։ 60-ամյա Քամալա Հարիսը X սոցիալական հարթակում գրել է, որ «ժամանակն է լսելի դարձնելու ձեր ձայները»։ Իր հերթին նրա մրցակից 78-ամյա Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ «քվեարկելու ժամանակն է, մենք կարող ենք Ամերիկան նորից հզոր դարձնել»։