Մեկ տարի անց

Երեկ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն` մասնակցելու այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: Մինչև երեկ հայտնի չէր` ինչ մակարդակով է Հայաստանը ներկայացվելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, քանի որ հասկանալի է` ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, Ռուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների լարվածության ֆոնին Ռուսաստանը, մեղմ ասած, չէր կարող դրական վերաբերվել նախագահական մակարդակով Հայաստանի մասնակցությանը գրեթե թշնամական հայտարարված կառույցի գագաթաժողովին:

Հաշվի առնելով նշված և մի շարք այլ հանգամանքներ, Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նույնիսկ անակնկալ կարելի է համարել: Հատկապես, որ նա Մեծ Բրիտանիա է մեկնել սեպտեմբերի 3-ին, երբ շատ ավելի անակնկալ կերպով Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին: Հենց այդ հայտարարությունից հետո Հայաստանն արդեն մեկ տարի ապրում է այնպիսի ռեժիմում, որ զրկված է որևէ քիչ թե շատ նշանակալի հարցում ինքնուրույն, ինքնիշխան որոշում կայացնելու հնարավորությունից: Իսկ այսօր մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարող են կայացվել կարևոր, չափազանց կարևոր որոշումներ, որոնք չեն կարող չառնչվել տարածաշրջանում ռուսական ռազմակայաններ ունեցող Հայաստանին:

Հատկապես, որ մեր հարևան Վրաստանն այսօրվա գագաթաժողովի արդյունքում, ամենայն հավանականությամբ, ստանալու է ՆԱՏՕ-ի հատուկ գործընկեր երկրի կարգավիճակ:

Աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրադրությունում Հայաստանն աշխարհին պետք է փորձի առնվազն ցույց տալ, որ լինելով Ռուսաստանի կցորդը` միևնույն ժամանակ չի ցանկանում թշնամական հարաբերություններ ունենալ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ, եթե անգամ այդպիսին դառնան վերջիններիս հետ Ռուսաստանի հարաբերությունները: Ըստ էության, առաջին հերթին, այս խնդիրը պետք է փորձի լուծել Սերժ Սարգսյանն Ուելսում:

Բացի այդ, հնարավոր է, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը ևս չափազանց կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ռուսական ազդեցությունից դուրս բերելու իմաստով: Ի դեպ, այս իրադարձություններն առաջիկայում կարող են որոշակի ազդեցություն ունենալ նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում: Ոչ իշխանական ուժերը, ինչպես հայտնի է, հայտարարել են թեժ աշնան մասին, սակայն դեռևս տարակուսում են` հանրահավաքներ անել-չանելու հարցում: Նրանք, ինչպես հայտնի է, իրենց ակտիվությունն առավելապես պայմանավորում են արտաքին քաղաքական կենտրոնների, ավելի ճիշտ` մեկ կենտրոնի` Մոսկվայի բարեհաճությամբ և չեն ակտիվանում այնքան ժամանակ, քանի դեռ դա պետք չէ Ռուսաստանին:

Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ոչ իշխանական ուժերի համար կարող է լավ առիթ դառնալ ռուսներին համապատասխան «մեսիջներ» հղելու համար:

Տեսանյութեր

Լրահոս