Իշխանության գերիները

Չնայած ամառն օրացուցային առումով մոտենում է ավարտին, սակայն քաղաքական կյանքում դեռևս, մեղմ ասած, աշխուժություն չի նկատվում: Չի նկատվում անգամ աշխուժության, առավել ևս` թեժացման միտում: «Մեռած վիճակ». սա քաղաքական կյանքի վերաբերյալ ցանկացած քննարկման, զրույցի հիմնական եզրահանգումն է: Այն դեպքում, երբ Հայաստանում առկա տասնյակ, մի քանի տասնյակ ներքին խնդիրներն ու արտաքին մարտահրավերները քաղաքական ուժերի համար պետք է 24 ժամյա զբաղմունք լինեին: Բայց չեն: Որովհետև մի կողմից` քաղաքական ուժերն ուժեր չեն, կամ եթե անգամ ե՛ն, ապա` ոչ քաղաքական: Որովհետև Հայաստանում կա իշխանություն, որը ամեն գնով ցանկանում է ապագայում էլ պահպանել իշխանությունը, և կա ոչ իշխանություն, որն ամեն գնով ցանկանում է տեղ ունենալ այսօրվա իշխանության կողմից ապագայում պահպանվելիք իշխանության կառուցվածքում:

Հայաստանի քաղաքական դաշտի վակուումը` ի թիվս բազմաթիվ պատճառների, պայմանավորված է նաև նրանով, որ իշխանության դեմ պայքարող ուժերն իրականում իշխանափոխության հարցը հանել են իրենց օրակարգից` միաժամանակ հասարակությանը շարունակելով ներկայացնել, թե ամեն ինչ անում են օր առաջ իշխանությունից ազատվելու համար:

Այսինքն` իրականում իշխանափոխության հարցը դադարել է լինել ներքաղաքական օրակարգի մաս և մնացել է ընդամենը` որպես քարոզչական կլիշե: Թեև անգամ այդպիսին լինելով` այն ժամանակ առ ժամանակ խանգարում է ոչ իշխանական ուժերին: Այսինքն` այդ ուժերից նրանց, ովքեր իներցիայով ժամանակ առ ժամանակ խոսում են Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին` նյարդայնացնելով ոչ իշխանական ուժերից նրանց, որոնց հիմնական ֆունկցիան այդ նույն հրաժարականի պահանջը բացառելն է:

Այս իներցիոն անգործության համատեքստում, իհարկե, առանձին ակտիվացումներ ու պասիվացումներ արձանագրվում են, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը հանգում է նրան, որ Հայաստանում իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, իսկ ոչ իշխանությունը չի անում այն, ինչ ուզում է հասարակությունը: Որովհետև ստիպված է անել այն, ինչ ուզում է ոչ իշխանական ուժերի թվում ամենամեծ իշխանությունն ունեցողը` ԲՀԿ-ն: Վերջինս էլ, ինչպես ցույց է տվել կյանքը, անում է այն, ինչ ուզում է իշխանությունը: Դրա համար էլ Հայաստանի քաղաքական կյանքի մասին բոլոր խոսակցությունները սկսվում ու ավարտվում են «մեռած» բնորոշմամբ, որովհետև իշխանությունը վաղուց այդպիսին է դարձրել պետությունը, որը դեռևս գոյատևում է իներցիայով: Ինչպես ոչ իշխանական ուժերը:

Տեսանյութեր

Լրահոս