Բաժիններ՝

«Դեդականները» միավորվում են. Թուրքիայում ավարտվել է խոշոր գողական հավաքը

Ինչպես գրում է «ПраймКрайм»-ը, նախօրեին Թուրքիայում ավարտվել է մի քանի օր շարունակվող գողական հավաքը։ Արդյունքում, դեդական կլանի՝ միմյանցից բաժանված երկու թևերը կարողացել են վերջնականապես հարթել ներքին խնդիրներն ու հայտարարել վերամիավորվելու մասին։

Ինչպես և շատերը կանխատեսում էին, Դեդ Հասանի հեռանալուց հետո, որն իրենից հետո ժառանգորդ չթողեց, նրա համակիրների շարքերում տարաձայնություններ սկիզբ առան։ Դեդ Հասանի հետ մինչև վերջ մնացած «օրենքով գողերը» ձևավորեցին երկու ճամբար. «սլավոնները»՝ Պիչուգայի և Վոսկրեսի գլխավորությամբ, և Կարդավա եղբայրների «մեգրելական» թևը։

Արտաքին վտանգի՝ վրացիների գործոնը, նրանց ստիպում էր առճակատման չգնալ և հավասարություն պահպանել։ Սակայն այդ վտանգի սառեցմանը զուգահեռ մրցակցությունը սրվեց, և մեգրելները սկսեցին աստիճանաբար կորցնել նախաձեռնությունը։

Կարճ ժամանակ անց Դեդի ժառանգությունը մաքրվեց մրցակիցներից և անցավ սլավոնների վերահսկողության տակ։ Մեգրելական կլանի պարագլուխները արտաքսվեցին Ռուսաստանից՝ միգրացիոն օրենսդրության խախտման համար։ Իսկ նրանք, ովքեր չհասկացան ակնարկը և չհեռացան Մոսկվայից, հայտնվեցին բանտում։

Սակայն դեդական սլավոնները չկարողացան երկար վայելել հաղթանակի բերկրանքը։ Հայտնվեց նոր մրցակիցների խմբավորում՝ ի դեմս այն «օրենքով գողերի», ովքեր նախկինում Դեդ Հասանի ճամբարում էին, սակայն դեռ նրա կենդանության օրոք հեռացան քրեական գեներալից։ Այս խմբին, որի մեջ մտնում են, մասնավորապես, Էդիկ Թբիլիսսկին, Կոստիլը և Մուխան, սենսացիոն կերպով հաջողվեց ապահովել երկար տարիներ ստվերում մնացած ազդեցիկ գողերի՝ Շիշկանի և Պետրիկի աջակցությունը։ Իհարկե, այս հակամարտության մեջ առավելությունը դեռևս Պիչուգա-Վոսկրես-Միրոն եռիշխանության կողմն էր, սակայն վերջին պահին ինչ-որ բան նրանց ստիպել մեգրելների հետ դաշն կնքել։

Գործակալության տվյալներով՝ այս եռյակից Թուրքիա է մեկնել միայն Միրոնը։ Սլավոնական «պատվիրակության» կազմում են եղել նաև ամենատարեց չեչեն «օրենքով գող» Հուսեյն Սլեպոյը, Թիմուր Սարատովսկին, Ժորա Տաշքենդսկին, Ցիրկաչը, Ցեզարը, Տկաչը և Ռաջիկը։

Մեգրելների կլանի առաջնորդ համարվող Կարդավա եղբայրները՝ Գելան և Գիզոն, նույնպես Թուրքիայում չեն եղել։ Նրանց փոխարեն հավաքին մասնակցել են Վովա Պուխլին, Կոստյա Կամսկին, Կոլյա Տոմսկին, Մերաբ Մզարելուան, Ռոլանդ Գեգեչկորին, Գիյա Ելերջիան և այս խմբավորման գլխավոր իդեոլոգ համարվող Մացիկը։

Ասում են, որ թիմակիցները, այդ թվում՝ հարազատ աները, Գելայի հետ տարաձայնություններ ունեն՝ կապված վերջին կոնֆլիկտների հետ։ Օրինակ, Գելային քննադատում են, որ ի հեճուկս մեծամասնության՝ նա Ալբերտ Ռիժիին գող է ճանաչում, իսկ Բեսոյին՝ ոչ։ Նաև ասում են, որ Բեսոյի հարցը լուծելիս Գելան գիտեր, որ Գուջան նրա հետ հաշիվներ ունի։ Հարցի պատասխանատվությունը Գելան իր վրա էր վերցրել, իսկ հետո խաբել, թե իրեն մոլորեցրել են։

Իրո՞ք յուրայինները երես են թեքում Գելայից, թե՞ դա իր իսկ մշակած խորամանակ ծրագրի մի մասն է, ժամանակը ցույց կտա։ Իսկ առայժմ նա Սանկտ-Պետերբուրգում շփվում է Սաչինոյի և Գիյա Դաթունաշվիլիի պես «ծանրքաշային» գողերի հետ։ Այնպես որ, առայժմ վաղ է խոսել նրա կարիերայի ավարտի մասին։

Թուրքիայում տեղի ունեցած հավաքի վերջում հավաքվածները վերադարձրել են 42-ամյա Զաուր Գվաձաբիայի գողական տիտղոսը, որը նա կորցրել էր 2003 թվականին՝ Բույայի և Կախա Մակալաթիայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Ասում են, որ դրանից առաջ Վախո Կարդավայի և Լաշայի ներկայությամբ նա անսթափ վիճակում պատահաբար դիպել էր Շաքրո Մոլոդոյի ոտքին և սայթաքել, ինչից հետո ավելորդ արտահայտություններ էր թույլ տվել Շաքրոյի հասցեին։ Այն ժամանակ նա հեշտ պրծավ։ Իսկ այժմ՝ մոռացության 11 տարիներից հետո, նրա անունը հնչեցրել է Մացիկը։

Ի դեպ, որոշումը կայացվել է առանց Բույայի, ում դեդականները հաշվի չեն առնում՝ Մերաբ Ջանգվելաձեի հետ մտերմության պատճառով։ Սակայն հաշվի առնելով այս ամենը, Զաուրի հետագա գողական կարիերան դժվար թե հանգիստ ընթացք ունենա։

Լուսանկարում՝ Զաուր Գվաձաբիան, Վովա Պուխլին և Մացիկը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս