Մարգվելաշվիլին աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշեկոյի հետ, որի ժամանակ ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ուշադիր հետևում է Ուկրաինայում ընթացող գործընթացներին:
Մարգվելաշվիլին ափսոսանք է հայտնել, որ ներկայումս Ուկրաինան ունի նույնպիսի խնդիրներ, ինչպիսիք որ Վրաստանն ունեցել է 2008 թվականին: Մարգվելաշվիլին ընդգծել է, որ ներկայումս Ուկրաինայում ծավալվող զարգացումները հանդիսանում են 2008 թվականի իրադարձությունների շարունակությունը:
Մարգվելաշվիլին խորին ափսոսանք է հայտնել մեծ թվով մարդկային կորուստների ու հարկադիր վերաբնակների կապակցությամբ: Նախագահներն ընդգծել են միջազգային արենայում իրենց գործողությունները համակարգելու կարևորությունը, այդ թվում նաև սեպտեմբերի սկզբին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: